Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների «ՍՊԸ»-ն ընդդեմ փաստաբանի

Հունիս 08,2018 13:30

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ավագ Գաբրիելյանի եւ Սերոբ Մանուկյանի անունները հաճախակի են հոլովվում տարբեր ԶԼՄ-ների եւ ֆեյսբուքյան էջերում՝ կապված իրենց «արհեստավարժ» գործունեության դրվագների լուսաբանման անհրաժեշտությամբ:

Սակայն, ըստ էության, նրանք այնքան կարծրացած, այնքան կաղապարված անձինք են եւ այնքան են կտրված իրականությունից, որ ի վիճակի չեն իրենց պաշտոնական վարքագծում որեւէ փոփոխություն կատարել եւ հարմարվել նոր իրողությունների հետ: Երեւի մտածում են՝ դատավորի աթոռը ծնվելու պահին նվեր են ստացել քավորից, ոնց ուզենան, այնպես էլ կօգտագործեն: Այս մտածելակերպն է երեւի նրանց մեջ հզորացրել ու անհաղթահարելի դարձրել բոլորի նկատմամբ պահանջատեր լինելու զգացումը` չէ՞ որ իրենք դատավոր են:
Փետրվարի 5-ին «Առավոտ» օրաթերթում անդրադարձ էր կատարվել նույն դատավորների ոչ օրինաչափ վարքագծին, սակայն դատավորներից Սերոբ Մանուկյանին անչափ ուրախություն էր պատճառել մեկ հանգամանք` հոդվածի հետգրություն բաժնում հեղինակիս կողմից թույլ էր տրվել տեխնիկական սխալ` խնդրվել էր իրավասու մարմիններին, մատնանշված փաստերի հիման վրա, հարուցել «կարգապահական վարույթ», սակայն այս բառակապակցության փոխարեն, օգտագործվել էր «կատարողական վարույթ» բառակապակցությունը:

Նման դեպքերում է, որ հիշում ես ժողովրդի իմաստուն արտահայտություններից մեկը`«Խեւին խրատն ի՞նչ կանի, սեւին սապոնն ի՞նչ կանի»:
Հիշյալ հոդվածում մատնանշված գործերից 90%-ի դեպքում հայցվորների ներկայացուցիչ է հանդիսացել փաստաբան Սամվել Մելիքյանը: Հոդվածի լույս տեսնելուց հետո դատավոր Ա. Գաբրիելյանը դատական նիստերի մեկի ավարտից հետո Ս. Մելիքյանին հայտարարել է` «Էսա Մանուկյանն էլ քո սաղ գործերը կմերժի` նոր կտեսնես»: Ստացում է, որ երկու դատավորները, հոդվածում մատնանշված փաստերից դասեր քաղելու փոխարեն, «կոնսոլիում» են արել եւ, իմ կարծիքով, երդվել են, որ բոլոր վճիռները պետք է կայացվեն ի վնաս Ս. Մելիքյանի վստահորդների: Այս երդումը տրվել է ավետարանի վրա, քանի որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից այս դատավորների կողմից կայացված միջանկյալ դատական ակտերը վերացվելուց հետո, նորից կայացնում են նույնաբովանդակ դատական ակտեր, որոնք նորից վերացվում են վերաքննիչ դատարանի կողմից, ինչի արդյունքում դատաքննություններն անիմաստ եւ անտեղի ձգձգվում են: Խոսենք փաստերով:

Թիվ ԳԴ4/0081/02/17 քաղաքացիական գործով Ա. Գաբրիելյանը 08.12.2017 թվականին անտեսելով հայցվորի կողմից նույնականացման քարտի ներկայացված լինելու հանգամանքը, հայցադիմումում սոցիալական քարտի համարը նշված չլինելու պատճառաբանությամբ կայացնում է «դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» որոշումը: Ըստ էության, դատավորը ման է եկել «սոցիալական քարտ» բառակապակցությունը, սակայն չի գտել, իսկ որ նույնականացման քարտի առկայության պայմաններում սոցիալական քարտի անհրաժեշտությունը ամենուր վերանում է, դատավորը բացարձակ անտեղյակ է եղել: Գաբրիելյանի այս որոշումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01.02.2018 թվականի որոշումով վերացրել է, բայց այս որոշման առկայության պայմաններում, դատավոր Գաբրիելյանը նույն հիմնավորումով 22.03.2018 թվականին վերադարձնում է նաեւ ԳԴ4/0707/02/18 քաղաքացիական գործը: Առկա են նաեւ այլ դեպքեր, բայց հոդվածի չծանրաբեռնման համար դրանց չեմ անդրադառնում: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշումներն այնքան մանրամասնորեն է իրավական հիմնավորումները մեկնաբանել, որ Ա. Գաբրիելյանի փոխարեն եթե մեկ այլ անձ լիներ, մասնագիտական առումով կվիրավորվեր` բայց սա այդ դեպքը չի:

Այս երկու դատավորները հայտնի են գործերն անհիմն ձգձգելու «հանճարեղությամբ» կամ ողջամիտ ժամկետի յուրահատուկ ընկալմամբ:

2017 թվականի դեկտեմբերի 29-ից Ս. Մանուկյանը վարույթ է ընդունել ԳԴ4/2112/02/17 քաղաքացիական գործը, սակայն առայսօր որեւէ նիստ չի նշանակել:

Ս. Մանուկյանի վարույթում 2017 թվականի նոյեմբերի 20-ից գտնվում է ԳԴ1/1056/02/16 քաղ. գործն ըստ հայցի Թ. Բաղդասարյանի՝ ընդդեմ Հ. Աբրոյանի` զրպարտությունը հերքելու, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջի մասին:

Այս ընթացքում հրավիրվել է չորս նախնական դատական նիստ, 5-րդը հրավիրվել է հունիսի 8-ին, ընդ որում՝ հատկանշական է, որ հայցապահանջի համար հիմք է հանդիսացել սոցցանցերում պատասխանողի կողմից արված լպիրշ ելույթները, որոնց տեսագրությունը ներկայացված է դատարանին, այլ ապացույցների անհրաժեշտություն գոյություն չունի, սակայն պատասխանողը եւ դատավորը ձեռք ձեռքի տված անընդմեջ ու անհիմն կերպով գործի քննությունը ձգձգում են, քանի որ մեր կարծիքով՝ Հ. Աբրոյանը դատավորի վրա ներազդելու արդյունավետ միջոց է գտել դեռեւս 2013 թվականից:

Ս. Մանուկյանը ԳԴ4/0079/02/13 քաղգործի շրջանակներում քննել է Հենզել Աբրոյանի` վնասի հատուցման պահանջի մասին, հայցապահանջն ընդդեմ Մարտունու պանրագործարան ԲԲԸ-ի, որի տնօրենն է Թ. Բաղդասարյանը: Գործը 2013թ. մարտ ամսին ընդունվել է վարույթ, իսկ վճիռը հրապարակվել է 28.08.2013թ.` վճռվել է հինգ միլիոն ՀՀ դրամ բռնագանձել հօգուտ Հենզել Աբրոյանի: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.11.2013թ. բեկանել է այս վճիռը եւ հայցը նույն դատարանի 19.06.2014թ. վճռով մերժվել է: Ըստ էության, դատավորի «օրհնությամբ» փորձ է արվել ընկերությունից գողանալ 5.000.000 ՀՀ դրամ, սակայն Թ. Բաղդասարյանը խոչընդոտել է, իսկ դատավորը նույն Հ. Աբրոյանի մոտ ստացել է ստանձնած պարտավորությունը չկատարողի կարգավիճակ: Այս գործում հատկանշականն այն է, որ դատավոր Ս. Մանուկյանը «շփոթել է» իրավաբանական անձ եւ ֆիզիկական անձ հասկացությունները եւ ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ ունեցել է «ներքին» երկաթյա համոզվածություն` ընկերության կողմից Հ. Աբրոյանի անձնական պարտքի մարման հարցում, հետո ինչ, որ ընկերությունն անտեղյակ է եղել հայցի առարկա գումարից: Հետաքրքիր է` հանուն ինչի՞ է դատավորի կողմից աղավաղվել քաղաքացիական իրավունքի այբուբենը:

Նախորդ հոդվածի հրապարակումից 10-15 օր անց, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, հեռախոսազրույց ունեցա ՀՀ արդարադատության նախարարության ընդհանուր բաժնի, իսկ այնուհետեւ` մամուլի հետ կապի պատասխանատու աշխատակցի հետ եւ պարզվեց, որ նախ` նրանք անտեղյակ են հոդվածից, ապա, երբ հայտնեցի կարգապահական վարույթ հարուցելու իմ պահանջը, ստացա կարճ պատասխան` արդարադատության նախարարությունը դատախազություն չի, որ հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցի: Չգիտես` լաս, թե խնդաս: Այս երկու դատավորների հակաիրավական վարքագիծը ենթադրում է երկու հանգամանքների առկայություն` «կրիշը», որը 2009 թվականից նրանց գործուղել է Գեղարքունիքի մարզ, շատ ամուր է, որի պատճառով կարող են արհամարհել նաեւ վերաքննիչ դատարանի որոշումները եւ այդ ամենից ոգեւորված՝ «փայ» են ուզում իրենց վարույթում գտնվող գործերից: Այս փաստը կարող է ենթադրվել նաեւ Ս. Մելիքյանի կողմից ներկայացված հայցային պահանջների` անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ճանաչման, բնույթից: Երբ քննվող քաղգործերից մեկի շրջանակներում Ս. Մելիքյանը ներկայացրել է հակընդդեմ հայց, դատավոր Ս. Մանուկյանը փորձել է համոզել փաստաբանին, որ այն ներկայացնի առանձին հայցադիմումի տեսքով եւ հայտարարել` մեկ ա ինձ մոտ է գալու: Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Մանուկյանը ինչ- որ հանձնարարական է տվել համապատասխան պաշտոնատար անձին, որ Ս. Մելիքյանի մասնակցությամբ բոլոր գործերն ուղարկեն իրեն: Երեւի առկա է համակարգչային մակագրությանը միջամտելու տարբերակ, այլապես անհասկանալի է՝ ինչպե՞ս բացատրել, որ Ս. Մելիքյանի հետ առնչություն ունեցող, գույքային պահանջին առնչություն ունեցող քաղգործերի 99%-ը, եթե ոչ ավելի, հենց դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Մանուկյանի վարույթում է:

Իմ տպավորությունն այն է, որ հիշյալ դատավորները երեւի որոշակի «ակնկալիքներ» ունեն Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում 1994-ական թվականներին, տարբեր հիմքերով ձեռք բերված եւ առայսօր, որպես իրենց սեփականություն, տիրապետող եւ օգտագործող անձանցից, որոնք ցանկանում են հողամասերի եւ տների նկատմամբ դատական կարգով ճանաչել իրենց սեփականության իրավունքը այդ գույքերի նկատմամբ, սակայն, չնայած դատավորների կողմից կատարված ակնարկների, Ս. Մելիքյանը որեւէ քայլ չի անում նրանց հետ «լեզու» գտնելու, որի պատճառով էլ դատավորները որոշել են փաստաբանին իր տեղը ցույց տալ եւ որդեգրել են նրա վստահորդների հայցերը ցանկացած գնով մերժելու «քաղաքականություն»:

ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ
իրավաբան

Հ.Գ.Նկատի ունենալով, որ այս եւ «Առավոտ» օրաթերթի ս/թ փետրվարի 5-ին հրապարակված հոդվածներում նշված փաստերն ապացուցում են նշված դատավորների կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտոմների առկայությունը, իրավասու մարմիններին խնդրում եմ դրանք դարձնել քննարկման առարկա եւ հարուցել կարգապահական վարույթ:

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930