Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկոս կոմպոզիտորը` Հայաստանի, Բախի ու թվագիտության մասին

Հունիս 08,2018 13:00

Երեւանում է Կիեւում ծնված՝ ամերիկաբնակ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, որը 2017-18 թթ. համերգաշրջանի Մալթայի միջազգային դաշնակահարների մրցույթ փառատոնի, ինչպես նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է:

Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները հնչում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Մալթայի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Viva Musica, Orchestre National des Pays de la Loire, Բուխարեստի ֆիլհարմոնիկ, Slovak Sinfonietta նվագախմբերի ու մենակատարների կատարմամբ, լավագույն դահլիճներում, այդ թվում` Քարնեգի Հոլ, Քենեդի կենտրոն: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

«Առավոտը» կոմպոզիտորից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունի Հայաստանից: «Առաջին իսկ րոպեից դրական տպավորություններ եմ ստացել, շատ հաճելի մարդիկ են բոլորը, հրաշալի նվագախմբեր, համերգային դահլիճ… Առաջին անգամ Հայաստան եմ եկել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով` «Արմենիա» փառատոնի առիթով: Զարմացած էի, որ ամառվա կեսին, սարսափելի շոգերին դահլիճը լեփ-լեցուն էր, հաճելի է, որ մարդիկ այստեղ գնահատում են երաժշտությունը, հայաստանյան նվագախմբերն էլ բարձր պատրաստություն ու մակարդակ ունեն»,- պատասխանեց կոմպոզիտորը:

Քանի որ Շորը ժամանակին ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը եւ ունի գիտության դոկտորի աստիճան, նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունեն մաթեմատիկան եւ երաժշտությունը: «Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենամեծ կոմպոզիտոր Բախը հետաքրքրված է եղել թվագիտությամբ (նումերալոգիայով), բայց դա մաթեմատիկա չես անվանի, դա ընդամենը խաղ էր թվերի հետ: Իսկ լուրջ կապ մաթեմատիկայի եւ երաժշտության միջեւ, ես առանձնապես չեմ տեսնում: Թեեւ, երկուսի դեպքում էլ մեծ սխալները բերում են անդառնալի հետեւանքների, երկուսն էլ միայնակ աշխատանք են պահանջում, անընդհատ մենակ` մի սենյակում փակված: Այդ առումով որոշակի ընդհանրություններ կան, բայց խորք` ոչ»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Մալթայի փառատոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հանդես գալուն, Ալեքսեյ Շորը այն հրաշք որակեց: «2 շաբաթվա ընթացքում 12 ծրագիր նվագեցին, բոլորն էլ` տարբեր, հանդես եկան նաեւ մեծ մրցույթի եզրափակչում, որտեղ 6 տարբեր համերգներ էին պատրաստված…Դա Հերակլեսի սխրագործությունն է հիշեցնում, ու ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր: Նվագախումբն էլ «հնչում» էր որպես Եվրոպայի լավագույն նվագախումբ»:

Կոմպոզիտորն ասաց, որ սերտորեն համագործակցում է հայազգի երաժիշտների եւ նվագախմբերի հետ, խոսեց Սերգեյ Սմբատյանի, Նարե Արմաղանյանի, Նարեկ Հախնազարյանի եւ այլոց մասին:

Հարցրինք, եթե, օրինակ, 10 միավորանոց համակարգով գնահատելու լիներ երաժշտական Հայաստանը, քանի միավոր կնշանակեր, կոմպոզիտորը ժպտալով պատասխանեց. «Ես չգիտեմ` հնարավո՞ր է 10 միավորանոց համակարգով գնահատել, բայց կարծում եմ, որ այստեղ երաժշտական մշակույթն այն մակարդակի վրա է, ինչ Եվրոպայի լավագույն անկյուններում: Գուցե Վիեննան նույնպես 10 միավորի չի «ձգում», բայց որ մի բան փաստ է` փոքրիկ Հայաստանն իր հիանալի ավանդույթներով, լավագույն մենակատարներով, նվագախմբերով հնարավոր չէ համեմատել այլ երկրների հետ»:

Հարցրինք նաեւ` ինչպե՞ս է վերաբերվում նախկին խորհրդային երկրներում կոմպոզիտորների միությունների գոյությանը, կոմպոզիտորներն, իր կարծիքով, միությունների կարիք ունե՞ն: «Ես այս հարցում հստակ դիրքորոշում չունեմ, բայց ինչպես յուրաքանչյուր մեկի, ինձ համար էլ կարեւոր է ընդհանուր հետաքրքրություններ ունեցողների հետ շփման շրջանակ ունենալը: Սակայն դա կարող է ստեղծվել նաեւ առանց կոմպոզիտորների միության կամ ո՞վ գիտի, գուցե միությունն օգնում է դրան»,-ասաց Ալեքսեյ Շորը:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտա սկսնակ կոմպոզիտորներին: «Ես գրում եմ երաժշտություն, որն ինձ դուր է գալիս եւ չեմ տարվում այն ամենով, ինչը մոդայիկ է, իմ պարագայում դա շատ լավ «աշխատում» է, այնպես որ, գրեք այնպիսի երաժշտություն, որը ձեզ դուր է գալիս»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հայտնի կոմպոզիտորից հետաքրքրվեցինք` խանգարո՞ւմ է, արդյոք, հայտնիությունը տաղանդավոր մարդուն: «Ես չեմ կարծում, թե ես այնքան հայտնի եմ, որ դա ինձ կարող է խանգարել: Մյուս կողմից էլ, այն չափով, որ չափով ես հայտնի եմ, դա ինձ ինչ-որ տեղ օգնում է, քանի որ ավելի հեշտ է կապեր հաստատելը մարդկանց, երաժիշտների հետ: Այդ առումով հայտնիությունը կարեւոր է»,-պատասխանեց նա:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին էլ անդրադարձ եղավ: Մեր զրուցակիցը այն բնորոշեց բարձրակարգ, փաստեց, որ հայաստանյան մրցույթի հաղթողները հետագայում հրաշալի կարիերա են անում կամ դառնում այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` կոմպոզիտորի պաշտոնական կայքից:

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ընդամենը, մի քանի օր առաջ՝ հունիսի 2,3-ին, մեր թատրոնում կայացավ Շորի ,,Բյուրեղապակյան դղյակ,, բալետային ներկայացման համաշխարհային պրեմերիան: Անկեղծ ասած, եթե այդ երաժշտությունը իմ աշակերտը գրած լիներ, ես նրան ,,2,, կգնահատեի … Հարգանքով՝ Աշոտ Բանայան

    • Գոհար Հակոբյան says:

      Հարգել պարոն Բաբայան, ձեր մեկնաբանությունը կարդալուց հետո մի հարց ծնվեց գլխումս`ձեր աշակերտներից որեւէ մեկի ստեղծագործությունը հնչել է՞ ասենք Քարնեգի հոլում կամ որեւէ այլ հեղինակավոր դահլիճում:
      Հարգանքով Գոհար Հակոբյան

      • Ես, հիմա, դադարել եմ դասավանդելուց… բայց միշտ չէ, որ հռչակված մարդը, տաղանդավոր է լինում: Օրինակները շատ են: Այն, ինչ ստեղծել է Շորը, վաղուց անցած էտապ է, պարզունակություն … Քիչ չեն, նաև, տաղանդավորները, որոնք ստվերում են (մեզանում էլ կան) … Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930