Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեղյակ պատգամավորի հարցի վերաբերյալ մշակույթի մարդիկ կատակում են

Հունիս 08,2018 12:30

Օրերս Ազգային ժողովում հարց ուղղվեց մշակույթի նախարարին, որի հեղինակը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանն էր: Պատգամավորի մտահոգությունը վերաբերում էր թատրոններին, մասնավորապես՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին: Նախարար Լիլիթ Մակունցը խնդրեց պատգամավորին հարցը գրավոր ուղղել նախարարություն: Պատգամավորի հարցն ու նախարարի պատասխանը տեղ են գտել նրա ֆեյսբուքյան էջում:
Երկար ձեւակերպված հարցը մինչ օրս էլ բուռն քննարկումների նյութ է դարձել մշակութային գործիչների շրջանում: Մշակույթի որոշ գործիչներ հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունը կիսեցին «Առավոտի» հետ: Բանն այն է, որ Լուիզա Սարգսյանը մտահոգված է, թե ինչու 2017թ. ընթացքում Երեւանի օպերային թատրոնում չի կայացել 300 ներկայացում: Մեր զրուցակիցները փոխանցելով իրենց զարմանքը, նախ նշեցին, որ աշխարհի ոչ մի հեղինակավոր թատրոն նման «ցուցանիշ» չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ՝ պարզ ու հասկանալի պատճառով, հետո էլ կատակեցին, թե շա՜տ մեծ ցանկության ու դրա իրականացման դեպքում Երեւանի օպերային թատրոնը առաջինն աշխարհում կգրանցվեր Գինեսի ռեկորդների գրքում:

Երկրորդ «մեղադրանքը» օպերային թատրոնին, պատգամավորի խոսքերով՝ թատրոնը վարձավճարով հանձնելն է: Հավանաբար պատգամավորը նկատի ուներ թատրոնի դահլիճը…

Հնչեց տարակուսանք, որ թատրոնի ղեկավարությունը պետական միջոցների մի մասը ուղղում է «տուրիստական ուղեւորություններին»: Հիշեցնենք՝ մեզ հետ զրույցներում Կոնստանտին Օրբելյանը հավաստիացրել էր, որ թատրոնում իր կարճատեւ գործունեության ընթացքում (որպես գեղարվեստական ղեկավար՝ 2016թ. հունիսից, որպես տնօրեն՝ 2017թ. օգոստոսից) աշխատանքներն իրականացրել է իր անձնական միջոցների ու կապերի հաշվին:

Միակ իսկապես մշակութային մտահոգությունը վերաբերում էր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերային, թե ինչու է հիշյալ օպերան թատրոնում ներկայացվել ընդամենը մեկ անգամ: Տեղեկացնենք, որ ի սկզբանե նախատեսված էր այն բեմադրել Շուշիում՝ նվիրված Անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25 եւ կոմպոզիտորի ծննդյան 125-ամյակներին: Մասնակցեցին ոչ միայն օպերայի ստեղծագործական կոլեկտիվները, այլեւ հրավիրյալներ՝ «Հովեր» կամերային երգչախումբը, Ֆրանսիայից դիրիժոր Սուրեն Շահիջանյանը, Իրանից ռեժիսոր Արմեն Փիրի Մասսիհին, Գերմանիայից օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը: Պրեմիերայից հետո օպերան մեկ անգամ էլ ներկայացվել է թատրոնում:

Իսկ կասկածի տակ առնել թատրոնի գեղարվեստական խորհրդի աշխատանքը, որի կազմում են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Արամ Սաթյանը, Վարդան Աճեմյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը եւ այլն, պատգամավորին խորհուրդ չէինք տա:

Ժամանակին մեր օրաթերթում, եւ ոչ միայն, հրապարակվել են պատգամավորին այսօր հուզող հարցերի պատասխանները, որոնց մանրամասն անդրադարձել է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Ինչ վերաբերում է թատրոնի դահլիճը վարձավճարով տրամադրելուն, հիշեցնենք, որ այս առիթով մաեստրո Օրբելյանը իր պաշտոնավարման սկզբում մեր օրաթերթին ասել էր. «Դահլիճը վարձավճարով կտրվի բացառապես պետական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացման եւ պետական մեկ-երկու կոլեկտիվների ելույթների համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Լուիզա Սարգսյանի հարցի առիթով մեզ հետ զրուցած մշակույթի ոլորտի ներկայացուցիչները խորհուրդ տվեցին պատգամավորին՝ հարց բարձրացնելուց առաջ գոնե «տարեկան 300 ներկայացումների» մասով խորհրդակցել գործընկերոջ՝ թատերագետ Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Առավոտ»

07.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Առաջին և ամենակարևոր հերթին ցանկանում եմ նախ մամուլի ակտիվ հետևորդներ ջա՛ն, ձեզ տեղեկացնել, որ Սամվել Դանիելյանը հանդիսանում է, – ՈՒշադրություն !! – Օպերայի և բալերտի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական հաստիքային աշխատող: Այս անձն արդեն երկար տարիներ որպես լիիրավ աշխատող վճարվում է օպերային թատրոնի կողմից և ՛՛պահվում է՛՛ ՛՛ներսում՛՛, որպեսզի գրի պատվիրված, հանձնարարված, թատրոնում տարբեր էտապներում ՛՛թագավորած՛՛ ղեկավարներին ՛՛հաճելի՛՛ մեկնաբանություններ ներկայացնող հոդվածներ: Ինչպես նաև հոդվածներ՝ այստեղ նշված ՛՛արվեստագետներին՛՛ ցանկալի և ոչ ադեկվատ լրատվություն տարածելու համար, որպեսզի այդ մարդիկ մամուլի ՛՛բարիքներից ևս օգտվելու ճոխության պակաս հանկարծ չունենան: Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ ՛՛արվեստագետներ՛՛ ասելով ի նկատի ունի թատրոնի տարբեր գեղարվեստական խմբերից կազմված կլանի ՛՛կարկառուն՛՛ դեմքերին, քանի որ թատրոնից դուրս ո՛չ մի իրեն հարգող արվեստագետ իրեն թույլ չի տա օպերայի և բալետի այսօրվա վիճակի մասին արտահայտվել ընդհանրապես!! Լավագույն դեպքում նրանք գերադասում են մեծահոգաբար լռել … էլ ուր մնաց, որ չէին անի և նրանցից որևէ մեկի լեզուն չի պտտվի անել ՛՛կատակներ՛՛ և անամոթ ՛՛կատակել՛՛ մեր մշակույթի պարծանք թատրոնն այսօր վաղուց գետնով տված երկարամյա հանցագործ գործունեության վերաբերյալ: Կրկնում եմ. ոչ մի դեպքում Սամվել Դանիելյանի օպերային թատրոնի մասին թեման շոշափող հոդվածները Չի Կարելի Համարել Անկախ լրագրողական կարծիք!! Եվ չի կարելի դրանց որևէ հավատ ընծայել!!! Այդ մարդը օպերային թատրոնի աշխատողներից է!! – վաղուցվա և լավ ընկերն է ներսի կլանի, այդ թվում և ՛՛արվեստագետ ՛՛գայլերի՛՛.. Դուք երբևէ լսել; և տեսել եք??, որ մի հիմնարկում լրագրող աշխատող պահվի՝ հարմար ՛՛տեղեկատվություն՛՛ տարածելու համար??

  2. Այդ ո՞վ ասաց, թե ՛՛կատակի՛՛ արժանի է կամ հնարավոր չէ, որ լինեն թատրոններ, որտեղ չեն ներկայացվում տարեկան 300 ներկայացում.. Այդ ի՞նչ ՛՛մշակույթի գործիչներ՛՛ են կամ արվեստագետ.., որ էդ աստիճանի անտեղյակ են, որ, այո՛, կան այդպիսի թատրոններ!! Խնդրեմ. Հայաստան աշխարհի վերջին մոհիկան ԻՐԱԿԱՆ արվեստագետներից Ռուդոլֆ Խառատյանի այս տարվա հոդվածը գտեք, կարդացեք և տեսեք, որ նա մեջբերում է էստոնիայի օպերային թատրոնի օրինակը!!! Խնդրեմ. ՛՛-Այո, Էստոնիան, որ համարյա մեր երկրի չափ բնակչություն ունի, Էստոնիայի թատրոնը 400 հոգանոց աշխատակազմ ունի եւ տարեկան տալիս է 310-311 ներկայացում։ Մեր թատրոնը, որ 700 հոգի աշխատակազմ ունի, տարեկան տալիս է 60, այն էլ՝ միջոցառում։՛՛ -Ռ.Խառատյանի կողմից այս տարվա սկզբին գրված հոդվածը կարդացեք այստեղ — Այդ ինչ անանուն ՛՛մշակույթի գործիչներ՛՛ են, որ անգամ չեն հասցրել ինտրիգներից ազատ ժամանակ գտնել՝ գոնե ձևի համար ընթերցել պարոն Խառատյանի հոդվածը…. Շաատ կասկածելի ՛՛մշ. գործիչներ՛՛ են .., մի բան էլ ՛՛արվեստագետներ՛՛ … ՃՃՃ

  3. Սամվել Դանիելյան says:

    Շնորհակալ եմ Գոհար Ազիզյանին իմ հոդվածներին հետեւելու համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, դուք քանի տարի է խնդիրներ ունեք օպերային թատրոնի նախորդ եւ ներկայիս ղեկավարության հետ: Նույնիսկ դատարանի միջոցով լուծել ձեր խնդիրները: Ձեր հնչեցրած մեղադրանքը դժվար չէ ստուգելը, այնուամենայնիվ, ՇԵՇՏԵՄ, որ օպերային թատրոնում երբեւէ չեմ աշխատել: Ինչ վերաբերվում է իմ բուն աշխատանքին, ես մշակութային լրագրող եմ, իմ լուսաբանումների շրջանակի մեջ է նաեւ օպերային թատրոնը:
    Հարգանքով ` Սամվել Դանիելյան

  4. Գովելի է, որ պատգամավորները հետաքրքրվում են օպերային արվեստի գործունեությամբ, բայց մեր թատրոնի առանձնահատկությունը նրանումն է, որ գործում է միատարր հասարակության միջավայրում, ( նմանատիպ այլ թատրոն ինձ հայտնի չէ): Արվեստի նպատակը հասարակության հոգևոր պահանջները բավարարելն է: Իմաստ չունի, որ կիսադատարկ դահլիճներով տարեկան 300 ներկայացում տալ … Մենք, այսօր չունենք որևէ մեկ ներկայացում, որը բավարարի մեր այսօրվա երևանյան հանդիսատեսին: Դահլիճների դատարկության գլխավոր պատճառը, հենց սա՛ է …Պետք է փոխվի մոտեցումը, չպետք է շատ հետևել եվրոպական թատրոններին և նրանց երկացանկերին … Պետք է համագործակցել ժամանակակից կոմպոզիտորների հետ, որպեսզի ստեղծվեն և բեմադրվեն այնպիսի գործեր, որոնք հոգեհարազատ լինեն և գրավեն այսօրվա հայ հանդիսատեսին … Այս համագործակցությունը վաղուց անտեսված է … Ինչ վերաբերվում է Սամվել Դանիելյանին՝ նա պրոֆեսիոնալ բարձր մակարդակի լրագրող է: Կարծեմ թե նախկինում եղել է երաժիշտ՝ ջութակահար և երգիչ, այդ պատճառով, օպերային արվեստի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի: Օպերային թատրոնում չի աշխատում և աշխատավարձ չի ստանում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930