Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՌՈՎԿԱՆՆԵՐԸ

Հունիս 08,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանմեկերորդ

ԽՌՈՎԿԱՆՆԵՐԸ

Եվ Փելեշը ժպտալով Հրանտին ասաց՝ «կարող ա քո պատմելու ոճը Ֆրունզին դուր չի գալիս, դրա համար էլ չի ուզում, որ դու պատմես», եւ Հրանտը խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «Փելեշը ճիշտ ա՞ ասում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ո՞նց կարող ա Փելեշի պես հանճարեղ մարդը սխալ բան ասի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Փելեշի պես հանճարեղ մարդուն Գորկու փողոցում որեւէ անցորդ չճանաչեց», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իրանց դժբախտությունն ա», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «անցորդների՞», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու չափազանց լուրջ տոնով ավելացրեց՝ «իրանք ընդամենը անցորդներ են, իսկ Փելեշը հավերժական ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հավերժի ճամփորդը», եւ Խորիկն անսպասելի գոռաց՝ «հիմի չեք թողնելո՞ւ էս տղեն պատմի», եւ Հրանտը ժպտալով Խորիկին հարցրեց՝ «ո՞ր տղեն», եւ Խորիկը պատասխանեց ու ասաց՝ «Արմենը», եւ Հրանտը ժպտալով Խորիկին հարցրեց՝ «Արմենչոն ի՞նչ պիտի պատմի», եւ Խորիկն ասաց՝ «Մուշեղի էդ պատմությունը», եւ Հրանտն ժպտալով Խորիկին հարցրեց՝ «ո՞ր Մուշեղի», եւ Խորիկը պատասխանեց  ու ասաց՝ «Գալշոյան», եւ Ֆրունզիկը  թարս նայեց Խորիկին ու հարցրեց՝ «չեմ հասկանում՝ քե՞զ ինչի ա Մուշեղի էդ պատմությունն էդքան հետաքրքրում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ պատմությունն ավելի շատ Ֆրունզի պատմությունն ա, քան՝ Մուշեղինը» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ պատմությունն ավելի շատ Ֆրունզին ա վերաբերում, քան՝ Մուշեղին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզապես Մուշեղն ա պատմել», եւ Ֆրունզիկը նեղսրտած ասաց՝ «փաստորեն, Մուշեղը սաղ աշխարհին պատմել ա», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «եթե Արմենչոյին էլ ա պատմել, շատերին պատմած կլինի» եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «Մուշեղից հեչ չէի սպասի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Մուշեղն էդ պատմությունը չար նպատակով չի պատմել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդհակառակը. Մուշեղն էդ պատմությունը պատմելով՝ ուզում էր ապացուցել, որ դու բացառիկ ու բացարձակ տաղանդ ես», եւ Խորիկը նորից գոռաց՝ «չեք թողնելո՞ւ Արմենն էդ պատմությունը պատմի», եւ Հրանտը զարմացած նայեց Խորիկին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչի կատաղեցիր», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «որ ինձ տաղանդ ասեցիր, դրա համար կատաղեց», եւ Հրանտը ժպտալով Խորիկին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Խորիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ  մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ հանճարներին  տաղանդ են ասում, ես կատաղում եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Խորիկին հարցրեց՝ «էս ոնց որ նորից բարիշել եք, հա՞», եւ Խորիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա բարիշել», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «Ֆրունզն ու դու», եւ Խորիկն ավելի զարմացած հարցրեց՝ «բայց ես ու Ֆրունզը ե՞րբ ենք խռով էղել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհին ա հայտնի» եւ մի քիչ էլ մտածեց ու Խորիկին ասաց՝ «մոռանում ես, որ ձեր հարաբերությունների մասին ժողովուրդն ավելի շատ բան գիտի, քան՝ դուք», եւ Ֆրունզիկը հեգնանքով Հրանտին հարցրեց՝ «այսինքն, ժողովուրդն ա՞ քեզ ասել, որ Խորիկն ու ես խռով ենք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անձամբ մենք էդ ինֆորմացիաները ձեր ամենամոտիկ կոլեգաներից ենք իմանում»,  եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, մեջներիս խռովկանը հենց Սոսն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդ էլ ա աշխարհին հայտնի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Սոսի հետ էլ ե՞ք խռով», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930