«ԱԺ-ում այսօր ականատես եղանք, որ Փաշինյանը չի պատրաստվում որեւէ մեկի հետ կիսել հաջողության եւ հաղթանակի դափնիները՝ ոչ «Ծառուկյան» դաշինքի, ոչ ՀՅԴ-ի, ոչ էլ, իմ համոզմամբ, իր ներդաշինքային գործընկերների հետ: Գուցե իմ տպավորությունը սխալ է, բայց առաջին տպավորությունը դա է: Գուցե դա կարող է նյարդայնացնել մեր որոշ գործընկերներին»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի քվեարկությանը:
«Կրկնում՝ այդ ծրագիրը երազանքների փաստաթուղթ է: Աստված տա՝ երազանքները մի օր կյանքի կոչվեն: Բայց քանի որ մեկ օրում կյանքի չեն կոչվում, կարծում եմ՝ մեր գնահատականն իրատեսական է: Այդ ծրագիրը չի բխում այսօրվա իրողություններից»,-կարծիք հայտնեց նա:
Շարմազանովը պնդեց, որ նոր կառավարության ծրագիրը բավական թերի է եւ դրանով է պայմանավորված ՀՀԿ-ի՝ մեծամասամբ «դեմ» քվեարկելը. «Անակնկալ ոչինչ չկար, ՀՀԿ-ն որոշել էր հիմնականում դեմ արտահայտվել Փաշինյանի կառավարության ծրագրին: Ինչպես որոշվել էր, 39 «դեմ» ձայն եղավ եւ 12 «կողմ», որպեսզի Կառավարության ծրագիրն ընդունվի: Կառավարության ծրագրի միակ քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ոչ «Ծառուկյան» դաշինքը, ոչ ՀՅԴ-ն»:
Էդուարդ Շարմազանովը գնահատական չտվեց «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորների՝ այսօր ՀՀԿ-ին ուղղված կոշտ-քննադատական հայտարարություններին. «Հիշեցնեմ, որ ամեն ինչ պետք է լինի քաղաքական մշակույթի եւ կոռեկտության սահմաններում: Գուցե ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, իրենց հարցրեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ