Վերջին օրերին գրանցված երկրաշարժերն ու դրանց հաջորդող հետցնցումները խուճապ առաջացրեցին բնակչության շրջանում: Իսկ հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցված 4.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում:
Նշված քաղաքներում այն եղել էր 5-6 բալ ուժգնությամբ: 1988 թվականի երկրաշարժն ապրած լոռեցիները մի քանի ժամ դուրս էին եկել բնակարաններից, պատսպարվելով ավելի ապահով տարածքներում: Գրանցված երկրաշարժի հետեւանքով Վանաձորում նույնիսկ բնակարանների առաստաղների ու պատերի վրա ճաքեր են առաջացել, տանտերերին պատճառելով նյութական վնասներ:
ԱԻՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչությունում երկրաշարժից հետո բնակչության կողմից ստացել են 1560 հեռախոսազանգ: Հայտարարվել է ուժեղացված ռեժիմ. «Մենք սահմանել ենք ուժեղացված աշխատանքային ռեժիմ: Ճգնաժամային կառավարման կենտրոնում եւ հրշեջ փրկարարական ջոկատներում անձնակազմը զգուշացվել է, որ չբացակայեն եւ պատրաստ լինեն ցանկացած պահի տագնապ ազդանշանով ներկայանալու ծառայության»,- ասաց վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:
Մարզում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ բնակչության մեջ խուճապ է առաջացել պատշաճ կերպով իրազեկված չլինելու պատճառով. «Բնակչության մեջ խուճապի հետ կապված խնդիրը հիմնականում ոչ իրազեկվածության եւ պաշտոնական հայտարարությունների առավել տարածական բացակայությունն էր: Կարծում եմ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել»:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ասաց, որ այսօր ինչպես Վանաձորում, այնպես էլ Սպիտակ քաղաքում կան խարխլված բնակարաններ, որտեղ մարդիկ են ապրում, եւ մտավախություն կա, որ նույնիսկ թույլ ցնցման դեպքում կարող է դժբախտ դեպք տեղի ունենալ. «Երկրաշարժից հետո կառուցված բնակարանները որպես կանոն սեյսմիկ առումով ամուր են,խնդիր չունենք: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ քանդված կամ կիսաքանդված վթարայնության բարձր աստիճան ունեցող սեփական տներ կան, որոնց մեջ բնակվում են ընտանիքներ, որոնք չէին կարող ապրել տնակներում: Հիմա մեզ համար ամենամեծ վտանգն այն է, որ նման փոքր ցնցումներից հետո հնարավոր է աղետալի վիճակ ստեղծվի»:
Քաղաքապետի խոսքով համայնքում եւ հարակից մայրուղում առկա է նաեւ քարաթափման վտանգ, վերջինս նախարարին խնդրեց աջակցել կամ ուղղորդել, թե ինչպես կարող են խնդրին լուծու տալ:
Իսկ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն էլ նախարարից հետաքրքրվեց. «Ինձ մի հարց էր հետաքրքիր, այս ցնցումները կանխատեսված էր, թե՞ ոչ: Կամ հնարավո՞ր է կանխատեսել եւ ժողովրդին նախապես իրազեկել»:
-Աշխարհում այնպիսի բան գոյություն չունի, որպեսզի կարողանան ասել, թե որ օրը, որ ժամին կամ որտեղ ինչ մագնիտուդով պետք է երկրաշարժ լինի: Ուղղակի մենք մեր լաբորատոր աշխատանքներից ելնելով մոտավորապես կարող ենք ասել, թե որտեղ է լարվածությունն ավելի բարձր, կամ որտեղ կարող է լինել կամ չլինել այդ երկրաշարժը: Կարող ենք ֆիքսել լարվածությունն ու լարվածության անկումը: Հիմա երկրակեղեւում տեղի է ունենում լարվածության աստիճանաբար նվազում,-մարզպետի հարցին ի պատասխան ասաց ԱԻՆ աշխատակիցներից մեկը:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի քանի կետից բաղկացած հանձնարարականներ տվեց: Առանձնացնելով հատկապես բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու գործընթացը. «Ես կխնդրեմ պարոն մարզպետին, որ քաղաքապետերի հետ միասին մարդիկ կցեք, որոնք տեղյակ են համայնքներին, թաղամասերին, եւ մեր ներկայացուցիչների ու հոգեբանների հետ համատեղ այս պահից սկսած մարդկանց իրավիճակի մասին իրազեկեք»:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ