«Շատերը ասում են՝ գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է`հարգելի գործարարներ, ես չգիտեմ թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- խորհրդարանում, կառավարության ծրագրի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հարցրել եմ`եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, եւ իրենք ասել են`եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ մեխանիզմից: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունը այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փողեր է նվիրել: Փաստացի: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է ես նվիրել եմ այդ փողերը իրենց»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց`ճամպրուկների այն մասը, որը պետք է վճարվի բյուջե, պետք է վճարվի, իսկ մյուս մասը, ինքը հույս ունի, որ գործարարները
կտանեն ոչ թե շվեյցարական բանկեր, այլ Հայաստանի տնտեսության մեջ կներդնեն:
Հիշեցնենք, գործարարների նկատմամբ հետապնդումների մասին խոսում էին ՀՀԿ-ական գործիչները:
«Հայաստանում չկան մենաշնորհներ դե յուրե եւ շուտով չեն լինի նաեւ դե ֆակտո»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իր կառավարության կախարդական փայտիկը շարունակելու է իր հրաշագործ գործունեությունը. «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը ձերբազատված է կոռուպցիոն բոլոր պարտավորություններից, խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ: Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի չեն լուծվել, որովհետեւ կախարդական փայտիկ չկա: Բայց այս կառավարությունն ունի կախարդական փայտիկ»: Նիկոլ Փաշինյանն ասում է`այսօր քաղաքացիները զգում են փոփոխությունները, որովհետեւ զգում են, որ իրենք են իրենց երկրի տերը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` վարչապետի կարծիքով խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը կհավաքի՞ «50+1» տոկոս ձայն, համենայնդեպս, դաշինքի անդամները եւ առաջնորդը նման հավակնություններ ուեն: Նաեւ հետաքրքրվեցին`կառավարությունում «Ծառուկյան» դաշինքն իսկապե՞ս տնփեսայի կարգավիճակ ունի:
Նա չհամաձայնեց «տնփեսա» ձեւակերպման հետ: Բուն հարցին էլ պատասխանեց. «Համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների արդյունքում ժողովուրդը իր հաղթանակը չի կորցնի կրկին կտոնի հաղթանակը այնպես ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»։ Ճշտող հարցին`ասվածը նշանակո՞ւմ է, որ «Ծառուկյան» դաշինքը «50+1» տոկոս ձայն չի կարող հավաքել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի այն ինչ-որ ասացի, չասացի այն ինչ-որ չասացի»:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ