Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ լրագրողներին:
«Քոլեջի տարածք են մտել երեք ուսանող և մեկ շրջանավարտ, այնուհետև մուտք գործեցին Շենգավիթի բաժնի ոստիկաններ: Նրանց արդեն միացել են «6-րդ» վարչության ներկայացուցիչներ: Դուք ունեք բոլոր լծակները կատարելու ստուգումներ քոլեջում: Երեկ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ քոլեջում իրականացնել աուդիտ: Դա ավելի արժանավայել ձև է ճշտելու որևէ տեղեկություն»,- գրել էր տիկին Մնացականյանը՝ նախարարին ուղղված գրառման մեջ:
Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Աննա Մնացականյանից կատարվածի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ «Ռեսթարտ» նախաձեռնության ներկայացուցիչներն են իրավապահներին հրավիրել քոլեջ, նաեւ ասաց, թե ինչ պատճառով են դա արել:
«Մուտք ենք բացել Սեւանի փողոցի կողմից, նաեւ կահույք ենք պատրաստել մեր բուֆետի համար, որը նկուղային հատվածում է: Ձեւակերպումների խնդիրներ կային այդ մուտքը բացելու համար, եւ դեռ գործընթացը շարունակվում է: Հետո մեր մտադրությունները փոխվեցին, բայց կահույքն ութ ամսիս է մեր նկուղային հարկում է: «Ռեսթարտի» երիտասարդները զանգել են ոստիկանություն եւ հայտնել, որ մեզ մոտ ընդհատակյա արտադրամաս է գործում, ու հիմա այստեղ են ժամանել «6-րդ» վարչության ու ոստիկանության աշխատակիցները»,-հայտնեց տնօրենը:
Նաեւ հավելեց, որ դռները բացել ամեն ինչ ցույց է տվել իրավապահներին, սակայն հրաժարվել է խոսել՝ առանց լրագրողների ներկայության:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ