Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա, դուք կարող եք նաեւ չարախնդա՞լ». Փաշինյանի սուր ելույթը՝ Շարմազանովի, Նաղդալյանի քննադատությունների ֆոնին

Հունիս 07,2018 19:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այնպիսի եզրափակիչ ելույթ ունեցավ, որ արժանացավ ծափերի:

Փաշինյանը, խոսելով քննադատությունների մասին՝ ասաց. «Ձեր ասածի մեջ ոչ մի սխալ բան չկա, խնդիրը մտածողության հարթության, ձեւի եւ մոդելի մասին է: Շատ է ասվում, որ մեր ծրագրում չկան թվեր: Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր,մ եթե նկատելի չէ, ես կներկայացնեմ:

Ինչպիսին է լինելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0:

Ինչպիսին է լինելու արտոնյալների տոկոսը, պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0:

ՀՀ-ում խոշոր բիզնեսը ամսական ինչքան նալոգ պետք է տա ՀՀ վարչապետին, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0:

ՀՀ-ում ինչպիսի եւ քանի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0:

25 տարի շարունակ  ասել ենք՝ այ այս պլպլան թիվը, որ գրել եք, քանի՞ կոպեկի արժեք ունեն, քանի դեռ Հայաստանում կա կոռուպցիա, կան մենաշնորհներ, կան արտոնյալներ: Այ, գնացեք, կառավարություն, եթե իրոք ազնիվ եք, ուժեղ եք, գնացեք արտոնյալներին վերացրեք, կոռուպցիան վերացրեք, նալոգների համակարգը վերացրեք: Եկել ենք, ասում ենք՝ վերացրել ենք, ասում եք՝ ո՞նց թիվ չեք գրել: Ի՞նչ ա ձեր ուզածը, ժողովուրդ ջան»:

Ըստ Փաշինյանի, կառավարության ծրագրի մասին ամենաճիշտ բնութագիրը տվել է Էդուարդ Շարմազանովը. «Ասում է՝ սա երազանքների ծրագիր է: Այո, պարոն Շարմազանով, ձեր կուսակցությունն ու ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Սա երազանքների ծրագիր է, սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է ու մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու իրավունքը: Սա մեր կառավարության գործունեության ամենակարեւոր կողմն է:

Երջանկության մասին են խոսում, պետության ֆունկցիայի մասին են խոսում: Դե ցույց տվեք, թե ե՞րբ է այս ամբիոնից հնչել, թե լավ, մեր պետության գոյության իմաստը ո՞րն է: ինքնանպատա՞կ է, ես չեմ հասկանում: Մեր նորանկախ պետության գոյության ընթացքում չի եղել խոսակցություն՝ ինչի՞ համար ենք ստեղծել, որ ամեն մեկս մի պաշտո՞ն ունենանք, մի բիզնե՞ս ունենաք, ծառայողական ավտոնե՞ր, առանձնատնե՞ր, է՞դ ա մեր պետության նպատակը: Կարեւոր է հասկանալ՝ որն է մեր պետության գոյության նպատակը: Երջանկությունը էնքան տարօրինակ բան է թվում, հասկանալի է, խոսում ենք մի խորհրդարանում, որտեղ մարդիկ չեն հասկանում՝ իրենց գործառույթն է մարդկանց երջանկություն տալը»:

Փաշինյանը վստահեցրեց, որ իրենց կառավարության գործունեության ընթացքում մարդիկ ժպտալու են, ժպիտից չեն զրկվելու:

Վարչապետը հայտարարեց. «Էն պահին, երբ մենք չունենանք ժողովրդի վստահությունը, 5 րոպե էլ չի տեւի մեր մնալը կառավարությունում: Էն պահին, որ ես անձամբ զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը, 5 րոպե ավել չեմ մնա վարչապետի պաշտոնում: Մենք բոլորս հասկանում ենք, որ ԱԺ-ն ինձ վարչապետ ընտրել է՝ ի հեճուկս սեփական ցանկությունների ու թող որեւէ մեկը ինձ չասի, թե ինձ լավություն է արել՝ ՀՀ վարչապետ ընտրելով: Որեւէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որեւէ մեկի լավության կարիքը ԱԺ-ում չունենք, ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ: Մենք ունենք ժողովրդի վստահությունը եւ այդ վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք եւ դա կդառնա կոնկրետ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից՝ դուք դա ուզում եք, թե ոչ»:

Փաշինյանն անդրադարձավ Հերմինե Նաղդալյանի քննադատությանը, թե անփորձ են, իսկ ՀՀԿ-ն լուրջ փորձ ուներ, երկիր ղեկավարելը հեշտ չէ. «Տիկին Նաղդալյան, ասում եք՝ լուրջ փորձ ունեք, թույլ տվեք պետության կառավարման ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետեւ տեսանք, թե պետության կառավարման ձեր փորձն ուր է տանում եւ ինչի է հասցնում: Ես, օրինակ, հրաժարվում եմ ի սկզբանե պետության կառավարման ձեր փորձից…Հիմա էլ ասում եք՝ ծա՞նր է իշխանության գլխարկը: Ո՛չ, ծանր չի, որովհետեւ եթե ձեզ թվում է, որ մեր իշխանության շուրջ մթնոլորտը ՀՀ-ում այնքան գաղջ է, ինչքան այս դահլիճում, դուք չարաչար սխալվում եք: Շատ հաճելի է էդ իշխանության գլխարկը, որովհետեւ մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունն ու վստահությունը: Ծանր չի, դա մեծ պատիվ է՝ լինել ժողովրդի իշխանության կրողը ու թող որեւէ մեկը չկասկածի, որ մենք այդ պատիվը չենք արժեզրկի: Ես չհասկացա, էս դահլիճում նայում են մեր կողմը ու ասում են՝ մենք չենք ուզում չարախնդալ: Չհասկացա, դուք կարող եք նաեւ չարախնդա՞լ: Էս ո՞վ ա չարախնդալուց խոսում, էդ ո՞ւմ վրա եք չարախնդալուց խոսում: Ժողովուրդ ջան, եկեք մի քիչ լրջանանք»:

Փաշինյանը հեգնեց նաեւ, որ Նաղդալյանը խոսում է այն մասին,թե տուրիզմի զարգացումը հեղափոխությամբ չի լինում, հյուրանոցներով է լինում, ենթակառուցվածքներով: Նա ասաց, որ հիմա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով են կազմակերպում, բայց պարզվում է՝ իշխանությունները այսքան տարվա ընթացքում չեն կարողացել նորմալ հյուրանոցների հարց էլ լուծել, որ կարողանան հյուրերին տեղավորեն:

Հետո վարչապետը նախկին վարչապետի այն քայլին անդրադարձավ, որ բյուջեից միլիոններ էր ուզում ծախսել, ինչ է Հայաստանը CNN-ով 6 վայրկյան ցույց տան. «Մի ամիս աշխարհի ամբողջ ԶԼՄ-ները մեզ խնդրել են, որ մեզ ցույց տան, հիմա ասում եք՝ տուրիզմը հեղափոխությունով չեն զարգացնում, տեսել ենք ոնց եք զարգացրել տուրիզմը»:

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կյանքում բան է փոխվել, նրանք կարող են արտահանվել՝ առանց վարչապետի եղբոր դաբռոյի, ահա թե ինչ է փոխվել, որը ոմանք դժվարանում են հասկանալ:

Ելույթի վերջում Փաշինյանը վստահեցրեց. «Էս կառավարությունը չի՛ տապալվելու, ժողովուրդը չի՛ տապալվելու, հեղափոխությունը չի՛ տապալվելու: ՀՀ-ն լինելու է իրոք ազատ, ժողովրդավարական, իրոք օրենքի իշխանություն ունեցող երկիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Susanna Gasparyan says:

    Մեծագույն պատիվ է ա՛յսպիսի Վարչապետ ունենալը ցանկացած երկրի համար, ով իրավամբ կրողն է ո՛չ միայն ազգային, այլ նա՛եւ համամարդկային բարձր ու վսեմ արժեքների, որով հպարտանում եմ ե՛ս այսօր,հպարտանում է ո՛ղջ ժողովուրդն Հայոց:Համոզված եմ, ՀՀ Վարչապետ,փայլուն քաղաքական գործիչ՝ Նիկոլ Փաշինյան անունը, ոսկյա տառերով սրբադասվելու է Հայոց պատմության գանձարանում,որպես նրա բացառիկ վավերական արժեք՝ 30 տարի գաղութատիրության ճիրաններում բռնագաղթված երկիր Հայաստանս կործանումից փրկելու եւ այն իր իրական տիրոջը՝ Հայոց Ժողովուրդին հանձնելու գերխնդիրն իրականացնող ազգային հերոս եւ կփոխանցվի անունը նրա սերնդե սերունդ որպես ոդիսական: Հպարտ ենք Ձե՛զնով սիրելի ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան ! Աստված օրհնի Ձեզ,Ձէր Սուրբ Գործը՝ՈՒԽՏԸ ՀԱՅՈՑ !

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930