Մայիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:
Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա և ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում:
Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով, որ ինքն էլ ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, նշեց, որ միջազգայնագետների պատրաստաման այս հեղինակավոր կրթօջախները հարյուրավոր հայ շրջանավարտներ են տվել, որոնցից շատերն իրենց կարևոր դերակատարումն են ունեցել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման գործում և ներկայումս էլ աչքի են ընկնում իրենց բարձր մասնագիտական որակներով ու հմտություններով ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին:
Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:
ՀՀ ԱԳՆ