«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի երեք հավակնորդներն այսօր այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիրն է, որն ապաստան եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների:
Մեքսիկացի վանահայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է Ծիծեռնակաբերդում ու շատ տպավորված է: «Ծիծեռնակաբերդը սուրբ վայր է: Ամենաուժեղ փաստն այն է, որ հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել»,-ընդգծեց նա:
Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, որը 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին: Նա էլ ասաց, որ Մյանմայում ռոհինջաները ցեղասպանության վտանգի առջեւ են կանգնած. «Ցավոք, մենք չենք կարող ունենալ Ծիծեռնակաբերդի պես հուշահամալիր, ինչպիսին հայերն ունեն»:
Նա բարձր գնահատեց հայ ժողովրդի հյուրընկալությունը:
«Ավրորա» մրցանակի երրորդ հավակնորդը՝ Սունիտա Քրիշնան էլ Հնդկաստանում զբաղվում է սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհ դարձած կանանց փրկությամբ՝ իր հիմնադրած վերականգնողական կենտրոնում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո նա նշեց, որ դա իր համար կարեւոր եւ տպավորիչ առաքելություն էր:
Ապա` հյուրերը եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական ժառանգությունը Ամերիկայում: Ժառանգության 400 տարիները» գրքի շնորհանդեսը։ Այն տպագրվել է «Ավրորա» մրցանակի հիմնադիրների նախաձեռնությամբ եւ ներկայացնում է ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ-ում հաստատված հայերի պատմությունը:
Հավելենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչեցվի հունիսի 10-ին: Նա կպարգեւատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլար պարգեւով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ