Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր առաջին նշանակումներ է կատարել հայեցողական պաշտոններում։ Մարզպետի ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա օգնական է նշանակել Էմմա Պալյանին, իսկ խորհրդական՝ Վանիկ Սերոբյանին։
Նշենք, որ Էմմա Պալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, մասնագիտությամբ լրագրող, որն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը ու աշխատում է Araratnews.am կայքում։
Իսկ Վանիկ Սերոբյանը Շիրակի մարզպետարանի հին աշխատողներից է, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետներից է։
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, որտեղ արդեն իսկ տեղադրված են նորանշանակ կադրերի կենսագրություններն ու լուսանկարները, տեղեկանում ենք՝ 1987 թվականին ծնված Վանիկ Սերոբյանը անկուսակցական է, ավարտել է ՀՊՃՀ կիբեռնետիկայի դեպարտամենտի «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» բաժնի բակալավրիատը։
Էմմա Պալյանին նշանակել են Ռոմիկ Մանուկյանի աշխատանքն ինքնակամ լքած որդու՝ տնտեսագետ Թաթուլ Մանուկյանի փոխարեն, թեև այսօր աշխատանքից ազատվել է նաև մարզպետի մյուս դաշնակցական օգնականը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արմեն Պետրոսյանը, որին երկու տարի առաջ մարզպետարան աշխատանքի էր բերել ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։
Իսկ մարզպետի խորհրդականի պաշտոնը մինչ Վանիկ Սերոբյանի նշանակումը, զբաղեցնում էր Շիրակի նախորդ դաշնակցական մարզպետ, այժմյան գյուղնախարար Արթուր Խաչատրյանի ընկերը՝ տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ-միջազգայնագետ Սևակ Հայրումյանը։
Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում մարզպետարանի որոշ վարչության պետերի ու այլ քաղծառայողների պաշտոնազուրկ անելու մասին։ Հիշեցնենք, որ նրանք պաշտպանված են ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, և որևէ ղեկավար՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական թիմից է, իրավունք չունի օրենքը շրջանցելով, առանց քաղծառայության խորհրդի հետ համաձայնության՝ ինքնագլուխ, իր սրտի թելադրանքով նրան աշխատանքից ազատելու կամ ճնշումներ գործադրելով՝ ազատման դիմում պահանջելու։ Սա մեծ աղմուկի թեմա է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները Շիրակի մարզպետի ֆեսյբուքյան պաշտոնական էջից և Շիրակի մարզպետարանի կայքից