Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շենքերի սեյսմակայունության խնդիրը մեծ բացթողում էր». Սթիվեն Քյուրքչյան

Հունիս 07,2018 18:45

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր,  «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:

Հանդիպման թեման Գյումրու ողբերգությունն էր, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ: Իր ելույթի ընթացքում անվանի լրագրողը խոսեց Գյումրու երկրաշարժի, մարդկային խեղաթյուրված ճակատագրերի և սովետական ղեկավարության անպատասխանատու գործունեության  մասին:

Սթիվեն Քյուրքչյանը ներկայացրեց ամերիկյան հասարակության անդրադարձն այդ ողբերգությանը, ինչպես նաև խոսեց Բոստոնում ապրող այն հայերի մասին, ովքեր շատ արագ կարողացել են արձագանքել և անգամ պետական ոլորտներում օգտագործել իրենց անձնական կապերը,  որպեսզի կարողանան անհրաժեշտ օգնությունը և սարքավորումները տեղափոխել Գյումրի:

«Տեղի ունեցածը, իհարկե, մեծ ողբերգությունն էր,- ասաց Սթիվեն Քյուրքչյանը,- սովետական իշխանությունները ճիշտ չեն կարողացել կազմակերպել իրենց քայլերը՝ արագ արձագանքելու ու մարդկանց օգնելու հարցում: Շենքերի սեյսմակայունության խնդիրը մեծ բացթողում էր, որի պատճառով  նման ուժգնության երկրաշարժի դեպքում զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ  եղավ:

Սթիվեն Քյուրքչյանն իր ելույթում առանձնահատուկ անդրադարձավ նաև այն ընտանիքիների պատմություններին, որոնք կարողացել են հաղթահարել ողբերգությունը: «Ի վերջո, յուրաքանչյուր իրադարձություն մեզ համար դաս է, որը սովորեցնում է ուժեղ լինել ու հաղթահարել ողբերգությունը»,- վերջում հավելեց Սթիվեն Քյուրքչյանը:

Հայտնի լրագրողի ելույթին հաջորդեց Անահիտ Հարությունյանի խոսքը, ով նույնպես հետախուզական լրագրության ներկայացուցիչ է: Անահիտը ծնվել է Գյումրիում:

Նա իր խոսքում հատուկ անդրադարձավ Գյումրու համար անջնջելի հետք թողած տնակների թեմային:

«Տնակներն այնքան մնացին Գյումրիում, որ մարդիկ սովորեցին դրանց,- իր խոսքում ասաց Անահիտ Հարությունյանը,- 2013 թվականին, երբ բնակարաններ էին հանձնում մարդկանց, նրանք  այլևս չէին ուզում տեղափոխվել. մարդիկ արդեն սովորել էին տնակներին, իրենց տնկած ու մշակած այգիներին: Կառավարության կողմից կատարած վատ աշխատանքի մասին են խոսում այն փաստերը, որ մինչ այժմ Գյումրիում կան տնակներ, կեցության անմարդկային պայմաններում շարունակում են ապրել բազմազավակ ընտանիքներ»:

«Երկրաշարժից երեսուն տարի է անցել, բայց քաղաքում զգացվում է երկրաշարժի շունչը, այնպիսի տպավորություն է, թե այն ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել,- իր ելույթում ասաց Անահիտ Հարությունյանը,- բայց իրավիճակն էլ ավելի է ծանրանում, երբ տեղեկություններ են տարածվում, որ նոր կառուցված և կառուցվող շենքերը նույնպես անվտանգ չեն»:

Անահիտ Հարությունյանը կոչ արեց այն լրագրողներին, ովքեր պատրաստվում են Գյումրիում անօթևանների խնդրին անդրադառնալ, զգոն լինել, ճշտել այդ ընտանիքն արդյո՞ք նախկինում բնակարան չի ստացել և ինչո՞ւ է նորից ապրում տնակում:

«Եվ չնայած այն մեծ ողբերգությանը, որը պատահեց մեր երկրին, Գյումրին ընտրեց ապրելու ճանապարհը: Դրա վառ ապացույցը երկրաշարժից հետո ծնելիության աճն էր»,- իր խոսքը եզրափակեց Անահիտ Հարությունյանը:

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930