Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօրինակ նախաձեռնությունները ոչ միայն խրախուսանքն ու գնահատանքն են նրանց կատարած աշխատանքի, այլև ներշնչանք». Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ

Հունիս 07,2018 18:40

Հունիսի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներին` Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի և Հարութ Շիթիլյանի:

«Ավրորայի» երեք հերոսներին ներկայացնելով Հայոց Հայրապետին` Ն. Աֆեյանն ու Հարութ Շիթիլյանը անդրադարձան նրանց բացառիկ նվիրումին ու իրենց երկրներում իրականացվող անձնազոհ առաքելությանը:

Այնուհետև Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը, նախաձեռնության բոլոր զորակիցներին` ի մասնավորի համահիմնադիրներին, ինչպես նաև իրենց ներդրումը բերած բոլոր այլ անձանց:

Դիմելով դափնեկիրներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը մեծ գոհունակությամբ արձանագրեց վերջիններիս գովելի ծառայությունները` իրականացված Բարձրյալի պատվիրաններին և համամարդկային արժեքներին համահունչ, որոնցով աջակցություն են ստանում կարիքավորներ, նեղյալներ, սովի ու տառապանքի մեջ հայտնված մարդիկ:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով, փառք տվեց Բարձրյալին, որ մերօրյա հերոսների աշխատանքն ըստ արժանվույն գնահատվում է մարդասեր հանրության և կազմակերպությունների կողմից: Վեհափառ Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ նրանք պետք է նույն նվիրումով, արիությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սատար կանգնել անարդարության ճիրաններում տառապող մարդկանց:

Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները ոչ միայն խրախուսանքն ու գնահատանքն են նրանց կատարած աշխատանքի, այլև ներշնչանք, հրավեր և կոչ բոլոր մարդկանց` իրենց անմնացորդ սերն արտահայտելու նրանց նկատմամբ, ովքեր օգնության ձեռքի կարոտ են:

Հանդիպման ընթացքում սոցիալական արդարության իրենց ընկալումների, ինչպես նաև Հայաստան կատարած այցի մասին արտահայտվեցին մերօրյա հերոսները:

Մայր Աթոռ ՍԷջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930