Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, որը համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, ասաց` հնարավոր է, որ առաջիկայում կոռուպցիայի մեջ թաթախված անձանց նոր անուններ հրապարակվեն: Ինքն այդպիսի տվյալների տիրապետում է:
Հարցին`բարձրաստիճան պաշտոնյաների անուններ կհնչե՞ն, օրինակ, Կարեն Կարապետյան, քանի որ ԱԱԾ-ի բացահայտումները 1,5 տարվա կտրվածքով են, իսկ այդ շրջանում վարչապետը Կարեն Կարապետյանն էր, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կլինեն հին, նոր, ավելի վաղ…»: Ասաց, որ իրենց առջեւ խնդիր դրված չէ «ՀՀԿ-ականների բռնել», այլապես մամուլն ամեն օր հեղեղված կլիներ նման դեպքերով:
Լրագրողները հարցրեցին նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի` կառավարության ծրագրին վերաբերող քննադատական ելույթի մասին: Արարատ Միրզոյանն ասաց` Արմեն Աշոտյանի արտիստիզմին չի անդրադառնա, եթե անդրադառնա՝ նրա ելույթի բովանդակային մասին. «Գուցե ելույթը կտրուկ արժեզրկվի»: Աշոտյանի ելույթի բովանդակային մասին, խոստացավ անդրադառնալ ամբիոնից իր ելույթում:
Այլ մանրամասները` տեսանյութում
Լրագրողները նաեւ նկատեցին`ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական ռեպրեսիաների մասին, որը կիրառվում է ՀՀԿ-ի գործարար թեւի նկատմամբ: Արարատ Միրզոյանն ասաց` ինչպես են ՀՀԿ-ականները ընկալում, չգիտե, բայց իրենք ոչ ոքի չեն հալածում, այն էլ, քաղաքական պատճառներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ