Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար համայնքի բնակիչների գլխավոր խնդիրը խմելու եւ ոռոգման ջուրն է: Ասում են՝ եթե ջուր կա՝ կյանք էլ կա:
Գանձաքարի գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանի պատմելով՝ համայնքում 950 հեկտար վարելահողեր կան, բայց դրանց հազիվ 50-60 հեկտարն է մշակվում: Գյուղացիները հողերը չեն մշակում, որովհետեւ ջուր չկա, դե որ հողն էլ չեն մշակում՝ թողնում գնում են արտագնա աշխատանքի:
Նախկին կառավարությունը 600 միլիոն դրամ է ծախսել, որպեսզի գյուղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը լուծվի, բայց, ինչպես Դովլաթբեկյանն ասաց, փաստն այն է, որ այսօր ջուր չկա:
Համայնքապետի պատմելով՝ համայնքը ջրով ապահովելու ծրագիրն իրականացրել է նախկին կառավարության աշխատակազմի գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակը: Թե այդ 600 միլիոն դրամը փոշիացրել են, անարդյունավետ են ծախսել, գյուղապետը գնահատական չտվեց, ասաց. «2014-ին 3 պոմպակայան են տեղադրել, որոնցով ջուրը պիտի մղվեր ջրամբար: Հաշվարկներով՝ համայնքին բավականացնելու համար վայրկյանում 3.6 լիտր ջուր պիտի մղվեր պոմպակայան: Ես 2016-ի նոյեմբերին եմ ընտրվել: Դե գործը վերջացրել են ձմռանը, պոմպակայանը սառած էր: Հետո որ աշխատացրին, տեսանք, որ բավականաչափ ջուր չի մղվում: Իրենց նախագծում նայեցինք ու տեսանք, որ 1.2 լիտր են սարքել մղվող ջուրը: Մարդիկ էլ վարկով, պարտքով դեպի իրենց տները ջրագծեր էին քաշել, հույս ունենալով որ հեսա ջուր կլինի: Չկա, հիմա ջուր չկա:
Հետո ԾԻԳ-ից եկան, գետից դրենաժով ջուր քաշեցին, բայց խմելու չի էդ ջուրը, գույնը՝ ոնց որ դեղձի կամպոտ լինի: Ստուգել տվեցի, ասացին՝ պիտանի չի»:
Գյուղապետը մի քիչ նեղսրտած խոսեց նախկին կառավարության մասին. ասաց համայնքը զարգացնելու մի լավ ծրագիր էին ներկայացրել, բայց մերժել էին, այսինքն՝ արհամարհել են:
Դովլաթբեկյանը նախկին կառավարությանը ներկայացրել էր կաթի վերամշակման եւ տոհմային տավարաբուծության զարգացման ծրագիր, ըստ որի, առաջարկում էր գյուղացիներին ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկ տրամադրել ու տոհմային անասուն ձեռք բերել ու կաթի վերամշակման արտադրություն հիմնել. «Դե մի ցեղական կովը 2100 դոլար է, գյուղացին չէր կարող գնել, բայց որ պետությունն օգներ՝ հոգսը կթեթեւանար, զբաղվածության հարցը կլուծվեր: Ծրագրի արժեքը 50 միլիոն դրամ էր, 25 միլիոնն առաջարկում էինք պետությունը սուբսիդավորեր: Մերժեցին: Հույս ունենք նոր կառավարությանը որ ներկայացնենք՝ չի մերժի»:
Գյուղապետն ասաց, որ համայնքի բնակչության 3860-ից տարեկան 400-500 գյուղացի արտագնա աշխատանքի է մեկնում, վերջին շրջանում անգամ ընտանիքներին են տանում ու շատերը չեն էլ վերադառնում:
Գյուղապետն ասաց, որ իրենց մոտ հնարավորություն կա նաեւ դեղաբույսերի արտադրություն հիմնել. 55 տեսակի դեղաբույսեր են աճում: Բայց, գյուղացիքի ասած՝ հանդ էլ է պահում ու կերակրում. «Հոն, մալինա, ինչ ասես՝ աճում ա, բարիք ա, պետությունը որ օգնի, էդ բարիքները տնտեսական օգուտ կդառնան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ