Կառավարության ծրագիրն է քննարկվում խորհրդարանում եւ հաշվի առնելով իշխանամերձ ու ընդդիմադիր ուժերի ելույթները, կրքերը սկսեցին թեժանալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը իր ելույթում ասել էր, որ Սերժ Սարգսյանը քաղաքական բռնապետ է, նաեւ ելույթի վերջում ավելացրեց՝ հիշեք, թե ով էր Աշոտյանը «Էլեկտրիկ Երեւանի» շարժման ժամանակ՝ հեղափոխությունից առաջ:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյան ավելի ուշ արձագանքեց նրան. «Բոլորին կոչ անեմ կառավարության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոցիաների ազդեցությանը եւ չարտաբերել բառեր ու արտահայտություններ, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել: Հարգելի պարոն Մելքումյան, խնդրում եմ դուք այսուհետ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը՝ իմ բերած նախաբանում նշված նախաբանով պայմանավորված»:
Մելքումյանն էլ արձագանքեց. «Զսպե՛ք ձեր մոլուցքը հակադարձելու եւ բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Էն, ինչ կա իրականությունը, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը»:
Արմեն Աշոտյանը փորձեց արձագանքել՝ ասելով, որ լսարանը ամեն ինչ տեսնում է, գիտի. «Երբ որ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քար նետելով»: Աշոտյանի այս խոսքի ժամանակ տեղից վիրավորական ռեպլիկ արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ վիրավորելով նրան:
Իր խոսքն ավարտելուն պես՝ Աշոտյանը նետվեց դեպի պատգամավորը, վերջինս փորձեց դուրս հրավիրել Աշոտյանին՝ տղայական խոսակցության: Տեւական ժամանակ կրքերը չէին հանդարտվում: Արթուր Մանուկյանն Աշոտյանին ասել էր՝ «Դուրս գանք, խոսանք»: Միջամտեց Սամվել Ֆարմանյանը եւ մյուս պատգամավորները, որից հետո հաջողվեց պատգամավորներին հանդարտեցնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ