«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ԱԺ-ում դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ ասելով. «Մի ժամանակ Վանոն նամակ էր գրում Վազգենին ու այս կամ այն հարցում ասում էր՝ զգույշ եղիր: Ես քեզ հիմա ուղիղ տեքստով ասում եմ՝ զգո՛ւյշ եղիր: Ու ընդհանրապես ամբողջ կառավարությունով զգույշ եղեք, դուք կանգնած եք շատերի կոկորդին, դրա համար պետք է զգույշ լինեք: Հակահեղափոխության թիրախն եք դուք»:
Զուրաբյանը խորհուրդ տվեց ընտրությունները շուտ կազմակերպել ու չպատճառաբանել տեխնիկական խնդիրներով, թե պատրաստ չենք: Նա ակնհայտորեն վտանգ էր տեսնում:
Հետո Զուրաբյանը խոսեց ԱԱԾ-ի մասին՝ ասելով, որ կառավարությունը չպետք է հենվի ԱԱԾ-ի վրա. «ԿԳԲ-ի լենինական ոճը, չեկիստական հոգին, հոտը դուրս չի եկել»:
Նա հորդորեց քանդել ԱԱԾ-ի շենքը, տեղը մի հատ լիճ սարքել, գուցե այդ ջուրը չարիքը հեռացնի. «Մաքրեք էդ կեղտից Հայաստանը»:
Այնուհետեւ Զուրաբյանը խոսեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին՝ ասելով. «Ասում են՝ Վանոն լավ գրող, բան, ո՛չ, Վանոն քաղաքական վտարանդի է, որը հեռացվել է, որովհետեւ վտանգ է իրենից ներկայացրել Քոչարյանի իշխանությանը: Իր կազմակերպական ունակությունների պարագայում, իր մեջ տեսել է մարդու, որը կարա փոխի իշխանությունը ու դրա համար նրա հանդեպ սկսվել է հսկայական հետապնդում ու հետապնդման հիմքում ընկած է եղել՝ վերացնել հակառակորդին ու ընտրվել է այն ճանապարհը, որը կարա վարկաբեկիչ լինի: Դրա համար գործ է կարվել, գործում ծիծաղաշարժ բաներ կան, կարելի է քննիչներին կանչել ու հարցնել՝ ո՞վ է ձեւել գործը, ով է կարել եւ ինչու»:
Նա ասաց, որ քաղաքական գնահատական պետք է տրվի քաղաքական այն գործընթացներին, որոնց արդյունքում ծնվել է պոռոտախոսությունը, ընտրակեղծարարությունը: Նա խոսեց լյուստրացիայի մասին ու դիմեց արդարադատության նախարարին. «Զեյնալյան, ըտեղ նստած ես, մի քիչ շուտ-շուտ խոսա, տեսնենք ում պապը ում է ծառայել, բան, իմանանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ