Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է 2016թ. քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին դատավճիռ կայացնելու համար նրանից միջնորդի միջոցով հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Փաստաբան Էլզա Զաքարյանը եւս այս գործով մեղադրյալի աթոռին է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդությունը: Այսօրվա նիստում Էլզա Զաքարյանի պաշտպանական ճառը լսվեց՝ նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացմամբ:
Վերջինս դատարանից պահանջեց արդարացնել Էլզա Զաքարյանին, քանի որ նա իրեն մեղավոր է ճանաչում եւ ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին: Աթանեսյանը համոզմունք հայտնեց, որ Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. «Նա պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից: Նա առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձ է, իսկ օրենքը սահմանում է, որ տվյալ պարագայում անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը դադարել է վտանգ ներկայացնել հանրության համար»: Հիշեցնենք, որ մեղադրական ճառում դատախազը եւս միջնորդել է Զաքարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել:
Առաջիկա նիստում էլ կլսվի Իշխան Բարսեղյանի պաշտպանական ճառը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ