ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե ընդդիմադիր եղած ժամանակ ինչ փայլուն ելույթներ էր ունենում խորհրդարանում:
Նա վստահ է, որ Փաշինյանը երջանիկ կլիներ, եթե որեւէ կառավարություն իր այս ծրագրից բերած լիներ խորհրդարան. «Պատկերացնո՞ւմ եք ինչ ելույթներ կունենայիք, ինչ վարպետության դասեր կտայիք այդ ծրագրի հետ կապված, անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր ձեր փոխարեն այս առիթն ունենք», – կեսկատակ-կեսլուրջ ասաց նա:
Աշոտյանն ասաց, որ արցախյան խնդրի կարգավորման այսօրվա իշխանությունների բանաձեւը հասկացված չէ կառավարության ծրագրում: Նա նաեւ մի վտանգավոր միտք էր տեսել ծրագրում «հիմնական կողմը Արցախն է»: Աշոտյանը հիշեցրեց, որ Ադրբեջանն է հարձակվել Ղարաբաղի վրա, որովհետեւ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը, ազատ ապրելու իրավունքը ու ասել, որ կոնֆլիկտի հիմնական կողմը Արցախն է, վտանգավոր է: Նա հորդորեց սրբագրել, խմբագրել դա:
Հետո Աշոտյանն ասաց. «Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ միասին, այդ ժողովուրդներն իրար հետ աշխարհաքաղաքական հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, պարոն վարչապետ, գոնե տարանջատեք Չինաստանը Հնդկաստանից, Հնդկաստանը՝ Ճապոնիայից: Այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»:
Ըստ Աշոտյանի, առանձին քննության ենթակա է տնտեսական առաջնահերթությունների բլոկը, քոփի փեսթ է արված վարչապետի մայիսի 8-ի ելույթից: Նա քննադատեց, որ տուրիզմի հիմնական շեշտը դրել են հեղափոխության վրա. «Գառնի -Գեղարդը, Ծաղկաձորը, Սեւանը, Մատենադարանը ձեզ ի՞նչ են արել»: Նա ընդգծեց, որ կառավարությունում մենակ Փաշինյանը չի, դա «one man show» չի ու պետք չի քննադատության բերանը փակել միայն Փաշինյանով. «Հասկանում ենք, իրեն սիրում են, հեշտ է պախկվել վարչապետի թիկունքում, եթե վարչապետն այսօր այդպիսի մեծ հեղինակություն ունի, ձեր բեռը վերցրեք»:
Աշոտյանը խոսեց նաեւ վարչապետի իմիջի մասին. «Ընդունված է դիտարկել վարչապետին՝ որպես Մահաթմա Գանդի, բայց էսօր, պարոն վարչապետ, մի քիչ շեղվել էիք ձեր կերպարից, Գանդիի փաթեթավորումը կար, բայց Ռոբեսպիերի եւ Տրոցկու ելեւէջներ էր ու Կաշպիրովսկու մոգականություն, փորձեք կողմնորոշվել իմիջային տեսանկյունից, որովհետեւ դրանք իրար հակասում են վերջիվերջո»:
Աշոտյանն անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որը խոսել էր ՀՀԿ-ական վարչապետների բլեֆների ու ֆոկուսերի մասին եւ ասաց, որ Զոհրաբյանը խոսեց Էժեն Դելակրուայի հայտնի կտավի հերոսուհու կերպով. «Շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ: Փաստեմ, որ նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ, որովհետեւ վերջիվերջո ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ: Սա ակնհայտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ