«Հենց իշխանությունն այդ կուսակցությունից հեռանում է, իրենք էլ հեռանում են, անդամագրվում են իշխանական կուսակցության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Լրագրողները նրան հարցրել էին ՀՀԿ-ն լքող գործարարների մասին:
Հարցին`արտահերթ ընտրություններում իր կարծիքով ՀՀԿ-ն քանի՞ տոկոս ձայն կհավաքի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ժողովրդին հարցրեք»: Ապա հավելեց. «Եթե այս իշխանությունը կկարողանա լավագույն օրենսդիր մասնակցությունն ունենալ եւ իրագործել այն խնդիրները, որը փոխանցել է ժողովրդին, բնականաբար, ես էլ զգում եմ, որ Հանրապետականը շատ լավ կլինի քիչ տոկոս ստանա»:
Նաեւ հորդորեց` այսօրվանից չմտածել ընտրությունների արդյունքների մասին. «Հանրապետականը երբեք իրեն չի կորցրել, որ ուշքի գա»:
Անդրադառնալով կառավարության ծրագրին էլ`ասաց. «Նիկոլ Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, բայց եթե որեւէ իշխանություն ասում է` կախարդական փայտիկ կա, եւ այդ փայտիկով ժողովուրդը պետք է լավ ապրի, ես չեմ պատկերացնում քաղաքական հարցադրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ