Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր բավարարել է «Սարի թաղի» գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդությունը. Գրիգորյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: Նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել. այս գործով ձերբակալված է մեկ տասնյակ քաղաքացի:
Նախկինում՝ մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը, կալանքից ազատման միջնորդությունը դատարանը մերժել էր:
Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ վաղվա նիստում եւս կալանքից ազատման միջնորդություններ են ներկայացվելու: Այդ գործով անցնող ամբաստանյալներն են Սարի թաղի բնակիչներ Էդուարդ Զեյթունյանը, Հրայր Իսախանյանը, Հարություն Թորոսյանը, Անդրանիկ Քյոսեյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ