«Ծրագրում գրում են, սովորաբար, ինչ է պետք անել, ծրագրում չեն գրում՝ ինչ չի կարելի անել»,-կառավարության ծրագրի վերաբերյալ այսպիսի դիտարկում արեց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսում:
Պարոն Բագրատյանի կարծիքով, սա խորհրդարանական ընտրությունների ծրագիր է. «Սահմանադրությունը նախ՝ պահանջում է ծրագիր, չի պահանջում ժամանակավոր ծրագիր: Կառավարության ծրագրում չեն կարող լինել ընտրությունների թեզերը»:
Հրանտ Բագրատյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ ծրագրում թվեր չկան, ասաց, որ թվերի առկայությունը պարտադիր չէ. «Գրել են՝ որակյալ առողջապահություն, բա հո անորակ չի՞ լինի»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանին հետաքրքրում է կառավարության եւ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, թե ինչու են այսպիսի ծրագիր գրել.«Ես կիսում եմ այն տեսակետը, որ որեւէ թվի անհրաժեշտություն չկար, կոնկրետ ինձ համար շատ կարեւոր է փիլիսոփայությունը: Ընդհանրապես ինչ է ուզում անի կառավարությունը: Այդ ժամանակավոր բառը վտանգավոր է, իրականում բիզնեսը ժամանակավոր չի լինում, մեր կյանքն էլ ժամանակավոր չէ: Ժամանակավորի տակ սպասելիքներ են առաջանում ոչ հիմնավոր, չգիտենք՝ ինչ է լինելու»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, իրենք պարբերաբար մտահոգություն են հայտնել, որ Հայաստանում խնդիրները եղել են ոչ թե տնտեսական դաշտում, այլ այդ խնդիրները կախված են եղել տնտեսական դաշտից: Ըստ նրա, Հայաստանի տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են քաղաքական որոշումներ. «Կարիքը կար ավելի լուրջ հիմնավորումների»: Նրա համոզմամբ, կախված է, թե նոր իշխանությանը որքանով կհաջողվի իշխանության եւ սեփականության, պետական կառավարման եւ տնտեսվարման կառավարման տարանջատումը. «Որքանով իշխանությունը կարող է դա ապահովել, դրանով էլ պայմանավորված կլինի իշխանության եւ պետության հաջողությունը»:
Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի դիտարկմամբ էլ, ծրագրում տեղ գտած այն միտքը, որ կառավարության այս կամ այն քայլից մարդիկ պետք է դառնան երջանիկ, անհասկանալի է, քանի որ «երջանկությունը «տնտեսական կատեգորիա չէ»: Ապա պարոն Մարկոսյանը թվարկեց, թե որ երկրների քաղաքացիներն են երջանիկ՝ նշելով, որ երկրի զարգացվածությունը պարտադիր չէ, երջանիկ լինելու համար: Ըստ նրա, առաջին տեղում Կոստա Ռիկան է, Հայաստանն այս առումով 73-րդ տեղում է, 74-ում՝ Կամբոջան:
Պարոն Մարկոսյանը դեմ է նաեւ կոռուպցիոն ռիսկերը վերահսկող նոր մարմնի ստեղծմանը: Նրա կարծիքով, առաջին հերթին՝ պետական ծախսերն է ավելացնելու, եւ բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ այն լինելու է արդյունավետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ