Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը քննադատեց Փաշինյանին ու դիմեց նրան. «Ծա՞նր է իշխանության գլխարկը, քննադատելը ավելի հեշտ էր»

Հունիս 07,2018 16:30

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սկսեց քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Նա ասաց, որ քաղաքագիտական տարրական պահանջն էլ չեն կատարել ու կառավարություն կազմող ուժերի՝ «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի, «Ելքի» նախընտրական ծրագրերից էլ չեն ընդգրկել ծրագրում, որ գոնե պատկերացում կազմեին, թե ով, որ քաղաքական ուժն է սրա պատասխանատուն:

Ըստ նրա, սա ոչ թե կառավարության ծրագիր է, այլ՝ ուղերձ միայն, ոչ մի կոնկրետ քայլ, հիմնադրույթ, հայեցակարգ, ուղի, ձեւ, գործիք, թիվ, չափ նշված չէ. «Արդեն այդ փաստը ստիպում է մտածել, որ ծրագրի հեղինակները դեռեւս հեռու են այն պատկերացումից, թե ինչպես են երկիր կառավարում: Ցավոք, ձեր կառավարությունն անփորձ է: Սակայն ՀՀ նախորդ կառավարությունները ունեն կուտակած փորձ, պետք չէ հեղափոխականորեն ամեն ինչ մերժել ու գրողի ծոցն ուղարկել: Պետություն կառավարելը լուրջ գործ է, որ սիրուց, համերաշխությունից ու նվիրումից բացի կառավարության անդամներից պահանջում է գիտելիք, իմացություն, երկրի տնտեսության իմացություն, զարգացման հեռանկարների պատկերացում: Այս ծրագիրը ՀՀ տնտեսական ներուժի մասին պատկերացում չի տալիս, նույնիսկ չի գույքագրվել, թե ինչ կա, ինչ չկա: Այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունը հեռու չի գնա: Գլխավոր գործիքը պոպուլիզմն է, ավաղ պոպուլիզմը չի դառնում աշխատատեղ, չի դառնում կենսաթոշակի ու նպաստի բարձրացման հնարավորություն»:

Նաղդալյանը նաեւ ասաց, թե աղքատիկ պատկերացում ունեն առաջնահերթությունների մասին, որեւէ ռեալ առարկայական հայեցակարգային քայլ չի մատնանշվել. «Հեղափոխությունը, նույնիսկ հայկականը՝ թավշեն, տեսարժան վայր չէ, որ զբոսաշրջիկ բերի Հայաստան: Զբոսաշրջության զարգացման համար այլ բան է պետք՝ էժան հյուրանոցներ, ենթակառուցվածքներ, բայց ոչ հեղափոխության էյֆորիան»:

Հետո Նաղդալյանն ասաց, որ որեւէ կառավարություն, անգամ ամենաանցումային ու ամենաժամանակավոր, չպետք է իրեն նման կիսատ-պռատություն թույլ տա, ինչ գրված է՝ կցկտուր ընդհանուր դատողություններ են՝ սիրողական մակարդակում:

Դիմելով Փաշինյանին՝ նա ասաց. «Թույլ տվեք հարցնել՝ ծա՞նր է իշխանության գլխարկը, քննադատելը ավելի հեշտ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930