Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա կրկնօրինակ ծրագիր» էր. Սուրեն Դանիելյանը՝ «Արի տուն» ծրագրի մասին

Հունիս 07,2018 16:27

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը վստահեցրեց, երբ խոսում ենք հայրենադարձության մասին, նկատի չունենք այն, որ բոլորը վաղը տոմս են առնելու և գալու, բնակվելու Հայաստանում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փոխնախարարը՝ որպես հայրենադարձ, նշեց. «Ինքս հայրենադարձ լինելով՝ հասկանում եմ, որ դա փուլային աշխատանք է: Մեր հիմնական ռազմավարությունը կարող ենք հայրենադարձություն անվանել, բայց որ լինելու է փուլային ճանապարհով: Տրամաբանությունն այն է, որ անձն առաջին անգամ որպես տուրիստ է գալիս Հայաստան, հետո որպես կամավոր, երրորդ անգամ ինչ- որ մի տեղ ժամանակավոր աշխատելու»:

Սփյուռքահայ գրականության դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը զարմացել և ուրախացել է, երբ սփյուռքի նախարարությունը հրաժարվել է «Արի տուն» և ամառային դպրոց ծրագրերից: Այս առիթով նա մանրամասնեց. «Քանիցս ես այդ խնդիրները ներկայացրել եմ և′ պարոն Սրապիոնյանին, և′ Հրանուշ Հակոբյանին: Ի՞նչ է նշանակում մենք անցկացնենք ամառային դասընթաց: Կրթության նախարարությունը ևս ուներ նման դասընթաց, և բավական գումար էր տրամադրվում՝ 60.000 էր վերջին տարիներին: Դա դուբլիկատ ծրագիր էր: Ուսուցիչներ էին գալիս Հայաստան, նույն անում էր ԿԳՆ-ն: Ստացվում է, որ նույն ուսուցիչը վազում է սփյուռքի նախարարություն, մի քանի կոպեկ են տալիս, հետո վազում է ԿԳՆ: Կուզեի, որ սփյուռքի նախարարությունում այսօր իջած գումարների մի նվազագույն մասը տրամադրվեին արդեն ԿԳՆ-ին կամ վարչապետին, քանի որ այդ ուսուցիչները խնդիրներ ունեն. տոմս են գնել, խնդիրներ կան էթիկայի, մասնագիտական իրավունքները ոտնահարված լինելու առումով: Թող ԿԳՆ-ն ավելի ընդլայնված կազմակերպի այս տարի իր ծրագիրը, մինչև հաջորդ տարվա համար ռազմավարություն մշակվի»:

Արևելագետ Արաքս Փաշայանը փաստեց՝ մենք ձախողել ենք, քանի որ շատ սիրիահայեր, իրաքահայեր Հայաստանը չընտրեցին, այլ Հայաստանը դարձրին իրենց համար տարանցիկ երկիր. «Սիրիահայերին և իրաքահայերին հարկային պարտականություններից ազատելու առաջարկները չեն ընդունվել այն հիմնավորմամբ, եթե դա անենք, ապա կնեղացնի կամ անհավասար պայմաններ կստեղծի ընդհանուր բիզնես համակարգում: Այն, ինչ արվել է, ոչ մի շոշափելի բան չի տվել: Եթե սփյուռքի նախարարությունը կրթության, առողջապահության և այլ հարցերի համար պիտի գնա ոլորտային նախարարություններ, ուրեմն անիմաստ է դառնում այս նախարարության գոյությունը: Սա նշանակում է, որ սփյուռքի նախարարության առաջ լրջագույն հարց է կանգնած այնպիսի ռազմավարություն մշակել, որը կընդգծի այդ նախարարության յուրօրինակությունը: Տեսլական չկա, թե ոնց ենք պատկերացնում ՀՀ-սփյուռք հարաբերությունները: Սիրիահայերը պետք է մեր մշակույթը հարստացնեին, ինչպես արեցին 1946-ի ժամանակ, ուստի սա լրջագույն ձախողում է»:

ՄԱՀՀԻ փորձագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող, սոցիոլոգ, սփյուռքի փորձագետ Սյուզաննա Բարսեղյանի բնորոշմամբ՝ ամենաառաջնային խնդիրը ՀՀ-սփյուռք ինստիտուցիոնալ մակարդակի հարաբերությունների համար ռազմավարության բացակայությունն է. «Առայժմ չկա որևէ քաղաքականություն, հայեցակարգ, ինչպես ուզում եք ասեք: Բայց դա նաև ձևական մի փաստաթուղթ չպետք է լինի, այլ այդտեղ ամրագրված պիտի լինեն ռազմավարական ուղղություններ ու արդյունքներ»:

Փաստաբան Տիգրան Սարգսյանը, խոսելով ՀՀ սահմանադրության մեջ եղած իրավական խոչընդոտների մասին, հավաստիացրեց. «Ո′չ մեր օրենսդրությունը, ո′չ Սահմանադրությունը խանգարելու հնարավորություն չունի ՀՀ-սփյուռք հարաբերություններին: Որպես ինքնուրույն, անկախ սուբյեկտ, ՀՀ-ն, Արցախը և սփյուռքի առանձին գաղթօջախներ ու եկեղեցիներ համաձայնագրի նման մի փաստաթուղթ պիտի ստորագրեն և ստեղծեն վերպետական կառավարման ինստիտուտ, օրինակ՝ համահայկական պառլամենտ: Երկպալատ պառլամենտը չեմ ընդունում: Համահայկական պառլամենտում կլինեն ներկայացուցիչներ սփյուռքից, ազգային եկեղեցուց: Պետք է հայկական ռեսուրս մեկ կենտրոնում գաղափարախոսությամբ առաջնորդվել: Այն պետք է ուղղել ոչ միայն Հայաստանին, այլև սփյուռքին, սփյուռքի տարբեր համայնքների միջև հարաբերություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930