Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Խաչատրյանի մրցույթը. Մրցույթի մասնակիցները կդառնան հայկական մշակույթը տարածող դեսպաններ

Հունիս 07,2018 16:18

Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով մեկնարկեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

Մրցույթի մեկնարկն ազդարարող համերգային ծրագրում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ուշագրավ է, որ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց խաչատրյանական մրցույթի 2006 թվականի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Ծրագրում հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» բալետից։

Համերգային երեկոն ուղեկցվում էր հանդիսատեսի բուռն ծափահարություններով, բիսերով։ Ներկաները չէին թողնում՝ մենակատարը, նվագախումբն ու դիրիժորը հեռանան բեմից։ Նարեկ Հախնազարյանն ունկնդիրներին նվիրեց նաեւ կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը որպես բիս կատարեց Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայից եւ Լեզգինկան «Գայանե» բալետից։ Վերջին գործը, ի դեպ, նվագախումբը կատարեց առանց դիրիժորի։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ազդարարելով մրցույթի մեկնարկը, նշեց, որ նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին՝ միաժամանակ հանրահռչակելով Արամ Խաչատրյանի արվեստն ամբողջ աշխարհում։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանած մրցույթի մասնակիցները հետագայում կներկայանան խաչատրյանական կատարումներով՝ դառնալով հայկական մշակույթը տարածող դեսպաններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ սպասելիքները մրցույթից մեծ են։ Ըստ դիրիժորի՝ Խաչատրյանի մրցույթը բացահայտել է բազմաթիվ տաղանդների, որոնք այսօր աշխարհում շատ հայտնի են եւ խաչատրյանական ստուգատեսից հետո նվաճել են Չայկովսկու մրցույթի դափնիները։ Սա խոսում է մեր մրցույթի բարձր մակարդակի մասին։

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաեւ տեսանյութեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին, Խաչատրյանի անվան մրցույթին։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

 

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930