Այսօրվա ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ թիմը պայքարելու է Ազգերի լիգայի բոլոր հանդիպումներում հաղթելու համար: «Այս ընկերական խաղերում ես ուզում էի ֆուտբոլիստների մեջ ցանկություն, աչքերում՝ կրակ տեսնել: Ես դա տեսա: Ճիշտ է, ոչ ամբողջ 90 րոպե, բայց էպիզոդներով տեսա:
Այսօր վերլուծում էինք վերջին խաղերի, այդ թվում Լիտվայի եւ Էստոնիայի վիճակագրությունը: Դրական առաջընթաց կա: Ազգերի լիգայում մենք պետք է հասնենք առավելագույնին: Մենք ունենալու ենք ութ խաղ: Դա մեզ համար լինելու է ութ փոքր եզրափակիչ: Անխտիր բոլոր հանդիպումներում մենք խաղալու ենք հաղթելու համար: Դա այն մրցաշարն է, որտեղ թեկուզ մեկ ոչ-ոքին կարող է լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել մեզ: Ուրիշ արդյունք մեզ չի գոհացնի», – հայտարարեց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ