«Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել՝ թե՛ մի քանի անգամ ծավալով մեծ, թե՛ ծավալով փոքր, թե՛ թվերով լեցուն եւ թե՛ առանց թվի եւ ունեմ խորին համոզմունք, որ դրանք նշանակություն չունեն», – այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ ասելով, որ իր համար այս կառավարության ծրագիրը տեսլական է:
Նա խոսեց կրթության ոլորտի խնդիրների մասին եւ ասաց, որ շատ երջանիկ կլիներ, որ կառավարությունը գնար ուսանողության աննախադեպ թվի կրճատմանը եւ որակյալ կադրերի պատրաստման վրա ուշադրություն դարձներ:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ համոզված է՝ ԱԺ դահլիճում նստած բոլորն ուզում են ունենալ այն Հայաստանը, որը Փաշինյանը նկարագրել է կառավարության ծրագրի իր ուղերձում. «Ուզո՞ւմ եք, որ մեր թոռներն այդպիսի ՀՀ-ում ապրեն, որտեղ առավելություններ ունեցողներ չլինեն: Կասկածո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին, որ նա ուղղակի ասում է, բայց իրականում բաժնետոմսեր է ձեռք բերելու, բաժնեմաս է ունենալու: Կարծում եմ, որ քչերը կլինեն, որ կկասկածեն, ես անձամբ չեմ կասկածում, սա այն դեպքն է, որ կարող եմ ասել՝ 100 տոկոս համոզված եմ»:
ՀՀԿ-ականները հարց էին ուղղել, թե ո՞վ է պատասխանատու այս կառավարության գործունեության համար: Արամ Սարգսյանն իր ելույթում պատասխանեց, որ եթե ուզում են, որ կառավարությունը հաջողի, բոլորն էլ պետք է պատասխանատու լինեն. «Մենք բոլորս ենք պատասխանատու: Մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ հաջողենք: Դա չի նշանակում, որ չպիտի լինի ընդդիմություն: Վստահաբար եմ ասում, որ ՀՀԿ-ն շատ լավ ընդդիմություն է»:
Արամ Սարգսյանն ասաց, որ անշուշտ, քաղաքական առումով պատասխանատու է գործող կառավարությունը եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքանով է պատասխանատու այդ կառավարության գործունեության համար. «Ես ինձ պատասխանատու եմ զգում այս կառավարության գործունեության համար՝ որպես մարդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ