Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. Զինվորների հագուստի եւ կենցաղային խնդիրների հարցերը բարելավվել էին դեռ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ

Հունիս 07,2018 15:55

«Այսօր զինված ուժերում լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր է ծրագրվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը`պատասխանելով հարցին`կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հնարավո՞ր է, որ բանակից էլ լինեն աղմկոտ բացահայտումներ, ձերբակալություններ, հաշվի առնելով այն, որ հանրային շրջանակներում լավատեղյակ են, թե մի շարք գեներալներ ինչպե՞ս են հարստացել: Ի դեպ, նրանցից ոմանք էլ վերանշանակվեցին այլ առանցքային պաշտոններում: Կլինե՞ն աղմկոտ բացահայտումներ եւ ձերբակալություններ`հստակեցնող հարցին, նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ կլինի»:

Հարցին`ինչպե՞ս ստացվեց, որ գեներալները հարստացան. Իբրեւ նաեւ նախկին փոխնախարար ինքը մտածե՞լ է դրա մասին: «Մտածել եմ»,- ասաց Դավիթ Տոնոյանը` անպատասխան թողնելով հարցը, թե մանրամասնելով ի՞նչ եզրահանգումների է եկել: Եթե եղել են մտահոգություններ, ինչո՞ւ կանխարգելիչ քայլեր չեն հետեւել հարցին էլ, Դավիթ Տոնոյանն այսպես պատասխանեց. «Խնդրում եմ, կոնկրետ դեպքեր եթե գիտեք՝ այդ կոնկրետ դեպքերով ասեք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախի բանակցություններում այլեւս Արցախն իր փոխարեն պետք է խոսի,  Հայաստանն` իր: Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին`մտավախություններ չկա՞ն, որ Ադրբեջանը կփորձի ոտնձգությունների գնալ: Դավիթ Տոնոյանն ասաց` հայկական զինված ուժերն անելու են հնարավոր ամենը`այդ ոտնձգությունների դեմ: Հարցին`ինչպիսի՞ն է սահմաններում իրավիճակը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Համեմատաբար վերահսկելի է. վերահսկելի է`մեր եւ ՊԲ-ի կողմից»: Ասաց նաեւ, որ ադրբեջանական կողմից բոլոր շարժերը «խորության» վրա են եւ վտանգ չեն ներկայացում:

Լրագրողներից մեկը նկատեց`վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է բանակում հագուստի եւ այլ կենցաղային խնդիրների մասին, դրանք վերաբերում են նաեւ այն շրջանին, երբ ինքը ՊՆ փոխնախարար էր, բայց այդ հարցը այն ժամանակ չէին լուծում, սկսեցին լուծվել միայն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Դավիթ Տոնոյանը հակադարձեց. «Լուծվում էին»: Ապա հավելեց`այն ժամանակ էլ է պատասխանատվություն կրել, հիմա էլ, իբրեւ պաշտպանության նախարար ասում է`զինվորական համազգեստը ժամանակի ընթացքում էապես բարելավվել է. այն, ինչ նախկինում կար, վաղուց չկա: Նաեւ հավելեց, որ այն փոփոխությունները, որոնք հիմա կան, նախաձեռնվել էին պաշտպանության նախկին նախարարի ժամանակ:

Դավիթ Տոնոյանը նաեւ ասաց, որ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ մյուս ծրագրերը շարունակվելու են: «Հազար դրամների» անվանում ստացած օրենքի կասեցման հիմքեր էլ, նախարարն ասաց, որ չկան:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930