Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող մի շարք հարցեր

Հունիս 07,2018 15:57

Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ողջունելով նախարար Մնացականյանին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշեց․ «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ այժմ արդեն անձամբ շնորհավորելու Ձեզ ԱԳ նախարարի բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ, և հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության և ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, և բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվա։ «Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացողությունը, որ ես անձամբ տածում եմ Ռուսաստանի, Մոսկվայի հանդեպ։ Լինելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ՝ պետք է ասեմ, որ դրանք իմ կյանքի ամենահրաշալի տարիներից էին։ Ես երախտապարտ եմ այն մեծ, մասնագիտական ուսուցման համար, որը ստացել եմ այդ կառույցում։

Մեր փոխհարաբերություններն, իսկապես, բավականին ամուր հիմք ունեն: Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնելու և ամրապնդելու մեր դաշնակցային փոխհարաբերությունները, մեր համագործակցությունը փոխադարձ ըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա եղել և մնում է մեր առաջնահերթությունների հիմքում: Այն արտահայտված է նաև կառավարության ծրագրում, որն, ի դեպ, այսօր ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը: Եվ հենց այդ ոգով, այդ տրամադրությամբ եմ ես Մոսկվայում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Նախարարները շեշտեցին երկկողմ պատրաստակամությունը ոչ միայն ապահովելու դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը, այլև տարբեր ձևաչափերում ամենօրյա գործունեություն ծավալելու, դրանց նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան հայ-ռուսաստանյան հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, կրթամշակութային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարները ընդգծեցին միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության և գործունեության համադրմանն առնչվող հարցերի շուրջ՝ այս համատեքստում արձանագրելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կարևոր դերակատարումը: Առանձնահատուկ ընդգծվեց ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարևորությունը։

ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող մի շարք հարցերը, առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները: Երկուստեք ընդգծվեց նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև անխափան հաղորդակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և դրա շուրջ զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար ընդգծելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայության անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930