Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է այն հարցին, թե Արցախը ինչպես կարող է դառնալ բանակցային գործընթացի անմիջական մասնակից: Լավրովն այս մասին խոսել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով «Նովոյե Վրեմյա» թերթի լրագրողի հարցին:
Լրագրողը փաստել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա: Լրագրողի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը ինչ-որ մի փուլում պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»: Նա հարցրել է Լավրովին՝ ինչպիսին է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում և արդյոք այդ ժամանակը չի մոտենում:
«Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որին Ադրբեջանի և այլ երկրների հետ անդամակցում է նաև Հայաստանը:
Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է: Եվ որպես երեք համանախագահող երկրներից մեկը՝ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ, մենք համընդհանուր հետաքրքրության, ոչ իրարամերժ գիծ ենք տանում՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին և Երևանին համաձայնության գալ: Այդ աշխատանքը շարունակվում է շատ տարիներ, տարբեր փուլեր են եղել: Ընդ որում Լեռնային Ղարաբաղը որոշ փուլերում մասնակցել է այդ բանակցություններին, այնուհետև կողմերի պայմանավորվածությամբ ձևաչափը փոխվել է…
Ի դեպ պարոն Պոպովը երբեք չի ասել, որ պետք է վերադառնան, դուք ասացիք պետք է վերադառնան, խնդրում եմ ավելի ուշադիր լինել»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ եթե հակամարտող կողմերը համաձայնության գան ինչ-որ փուլում և Արցախը նորից միանա բանակցություններին, դա կլինի իրենց որոշումը: «Մենք պետք է հարգենք այդ որոշումը»,-ընդգծել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտոյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ