ՀՀԿ-ականների սիրտը քանի որ թվեր է ուզում, ասում են՝ այս կառավարության ծրագրում թվեր չկան գործազրկության, աղքատության կրճատման, ներդրումների եւ այլն, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում ասաց. «Որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ կրակած» ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները: Միասին վերհիշենք ՀՀԿ կառավարությունների ծրագրային խոստումները՝ ՀՀԿ-ականների սիրած թվերի տեսքով ու սկսենք ամենամեծ բլեֆից: 2017-ի կառավարության ՀՀԿ-ական վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց 850 մլն դոլարի ներդրումների մասին: Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր, արդյունքում՝ բյուջեի ծախսային մասը ներկայացվեց՝ որպես ներդրում: Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր՝ բլեֆագիտության ժանրից»:
Հաջորդ լեգենդն այն էր, ըստ Նաիրա Զոհրաբյանի, որ խոստացել էին Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցել, 8 տարի է անցել, երկաթգիծը մնաց բլեֆ, ավելին՝ ՀՀԿ-ական կառավարության վարչապետը կառավարության որոշմամբ լուծարեց «Երկաթուղու շինարարություն տնօրինություն» ՓԲԸ-ն:
Հետո Նաիրա Զոհրաբյանը մեկ առ մեկ հիշեցրեց ՀՀԿ-ական կառավարությունների մյուս խոստումները՝ Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձերի մակարդակի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների ավելացում, աղքատության կրճատում՝ 8-10 տոկոսային կետով. «Կրակված ու չիրականացված թվեր: Աղքատության պաշտոնական թիվը այսօր 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, ունենք 60 տոկոս աղքատություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ