Մալթայի եւ Մոլդովայի ընտրանիների հետ ընկերական հանդիպումներից հետո, որոնք ավարտվել են ոչ-ոքի արդյունքներով, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Վարդան Մինասյանն առաջարկեց, որպեսզի նախ ինքը խոսի այն մասին, թե իրենք ինչ էին պլանավորել եւ ինչի էին ուզում հասնել, ինչն ստացվեց, ինչը՝ ոչ, եւ դրանից հետո պատասխանի լրագրողների հարցերին:
Խոսելով հավաքականի նախապատրաստության ընթացքի մասին՝ Վարդան Մինասյանն ասաց. «Թիմն ինձ համար մոտավորապես 70 տոկոսով նոր էր: Մենք նախատեսել էինք երկու հավաք. առաջինը տեղի ֆուտբոլիստներով, որը հայտնի պատճառներով չստացվեց՝ փողոցներն էին փակ եւ այլն:
Երկրորդ, արդեն մոտավորապես լրիվ կազմով հավաքում մենք ուզում էինք թիմին ներկայացնել մեր ընդհանուր փիլիսոփայությունը, թե ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ հաշվի առնելով մեր ուժեղ եւ թույլ կողմերը եւ ինչպես պետք է ապրենք դաշտից դուրս: Մենք պլանավորել էինք երկու սխեմա փորձարկել, դրանց մեջ փորձարկել ֆուտբոլիստների համագործակցությունը:
Երրորդ. շատ նորեկներ ունեինք՝ լրիվ նոր ֆուտբոլիստներ եւ համեմատաբար նոր, որոնք վերջին երեք-չորս տարիներին խաղում են հավաքականի կազմում, բայց ես նրանց ծանոթ չեմ: Ֆուտբոլիստի մասին ամբողջական կարծիք ունենալու համար նա պետք է մասնակցի քո մարզումներին, որպեսզի տեսնես, թե քո առաջադրանքը ինչպես է ընդունում եւ կատարում:
Երկու շատ կարեւոր բան կա, որոնց վրա ես պետք է հիմնվեմ. ֆուտբոլիստի որակը եւ ցանկությունը: Սրանք որակներ են, որ առանձին չեն աշխատի: Եվ այդ հարցերի պատասխանը թե հավաքների եւ թե խաղերի ժամանակ ես ստացա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ