ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց հետաձգել և վաղը նշանակել Սեֆիլյանի գործով վերաքննիչ հաջորդ նիստը:
Տիգրան Եգորյանը միջնորդության անհրաժեշտությունն այսպես պատճառաբանեց. «Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք ուզում ենք այսօրվա դատական նիստը ևս մեկ օրով հետաձգել. այն նշանակել վաղը: Հետաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է խափանման միջոցների հետ կապված որոշ այլ և լրացված հիմքերի ներկայացման հետ»:
Ժիրայր Սեֆիլյանն էլ միացավ Եգորյանի միջնորդությանը. «Քանի որ այժմ քննարկումների փուլում է գտնվում բոլորի խափանման միջոցի խնդիրն օր առաջ լուծելու հարցը, կարծում եմ՝ ճիշտը հետաձգելն է»:
Դատախազը չառարկեց: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Նիստը նշանակվեց վաղը՝ հունիսի 8-ին՝ ժամը 13-ին:
Նշենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանում նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ