Լրահոս
Օրվա լրահոսը

Կներեք՝ Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Հունիս 07,2018 14:45

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի հայրենակիցներ

Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, կրկնում եմ` քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք. սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը:

Հարգելի կառավարություն իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական և խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որևէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ, ըստ էության, ներկայացված փաստաթղթի շուրջ:

Հարգելի գործընկերներ, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:

Պարոն Վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում: Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումը առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որևէ թիվ չեք նշել: Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15 լավ մեկ տոկոս, չկա գրված, հրաժարվել ե՞ք թռիչքային զարգացման գաղափարից, ինչո՞ւ:

Հարգելի գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում:

Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացման ինչպես ե՞ք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաև նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որևէ քայլ նշված չէ:

Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարելի է համարել, որ այլևս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու:

Հարգելի գործընկերներ, անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը և նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը, թե´ Եվրասիական միության և թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլևս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է:

Սակայն ծրագրում չկա որևէ հիշատակում ԵՄ անդամն երկրների, հատկապես` Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչու չէ նաև Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների մասին:

Ոչինչ որ, Իրանի և Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասեք խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին»: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ:

Հատուկ գլուխ կա՝ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»:

Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն և՛ ազատ, և՛ արժանապատիվ և՛ երջանիկ: Բայց խնդրում եմ ասեք`երջանիկ քաղաքացին ինչ արժեքային համակարգ պետք է դավանի, որևէ խոսք չկա, ազգային, համամարդկային և քրիստոնեական արժեքների մասին, ինչո՞ւ:

Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն և գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որևէ միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյոք մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրե՞ն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ:

Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է և՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի իրագործումը:

Անդրադառնալով այս փաստաթղթին, հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին և չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին:

Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետևողական ջանքերով հայրենադարձվեցին և արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձևակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցել ե՞ք, հայրենադարձություն եք հարուցում, որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես:

Հարգելի խորհրդարան, ես ներկայացրեցի այս փաստաթղթում առկա անհասկանալի և տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների և ցանկությունների, իսկ միգուցե նաև բաժակաճառեի ժողովածուի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930