«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին հարցրեց թոշակներից: Նրա խոսքով՝ նվազագույն սպառողական զամբյուղը 42 հազար դրամ է, իսկ կենսաթոշակը՝ 16 հազար դրամ, ստացվում է, որ թոշակառուն իր գոյությունը կարող է քարշ տալ ընդամենը 12 օր, մնացած օրերին սոված պետք է քնի: Ուստի նա հարցրեց, թե ե՞րբ կլինի այնպիսի հարաբերակցություն նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն կենսաթոշակի միջեւ, որ մարդիկ սոված չքնեն:
Փաշինյանը պատասխանեց, որ ամեն օր աշխատում են դրա վրա: Այս հարցի լուծումը պետեկամուտների ավելացումն է, կոռուպցիայի եւ ստվերի կրճատումը: Նա ասաց, որ կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի շրջանակներում կարող են լինել մարդիկ, որ սկսեն հիմնավորել, թե կոռուպցիան ավելի լավ է, քան դրա բացակայությունը, ստվերն ավելի լավ է, քան օրինականությունը, որովհետեւ կարող են ինչ-որ ապրանքներ թանկանալ: Վարչապետն ասաց, որ պետք է հստակ հասկանանք, որ այս ճանապարհով հետեւողական են գնալու եւ պետեկամուտների ավելացումը պետք է ապահովեն հրապարակային: Երբ տեսնեն, որ այնքան են ավելացել բյուջեի եկամուտները, որ կարողանան բարձրացնել թոշակները այդքան, նման լուծում կտան:
Նապոլեոն Ազիզյանը արձագանքեց, որ «ես հասկանում եմ՝ կախարդական փայտիկ չկա, բայց թոշակառուների վիճակը վատ է, կտրուկ միջոցառումներ են ակնկալում»: Փաշինյանն էլ հակադարձեց. «Կախարդական փայտիկ կա եւ այդ կախարդական փայտիկը արդեն իսկ իր գործը սկսել է եւ արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է ապահովել»:
Նա որպես ապացույց ասաց, որ բոլոր վերլուծաբանները, քաղաքագետները չէին կանխատեսում այն, ինչ եղավ Հայաստանում: Հետեւաբար, կախարդական փայտիկը կա ու այդ փայտիկն իրականացնելու է այն գործողությունները, ինչը հնարավոր է եւ ինչն անհնար է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ