«Ես Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, շփված չկամ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, հասարակական լայն քննարկման առարկա դարձավ այն, որ Սասուն Միքայելյանը եւ «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավորներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն «Նորադուսցի Ալիկի»` Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու համար։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին` Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:
Երաշխավորագրում նշվել էր, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի եւ չի դրսեւորի ոչ պատշաճ վարքագիծ, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց։
Սասուն Միքայելյանն ասում է`Ալիկ Բանդուրյանին ազատելու երաշխավորագիրը նախաձեռնել է`վերջինիս առողջական խնդիրների հետ կապված: Ասաց`իրեն խնդրել էին: Այդպես էլ չհստակեցրեց, թե ո՞վ էր խնդրել: «Ասել էին՝ ծայրահեղ ծանր է վիճակը»,- ասաց Սասուն Միքայելյանը`հիշեցնելով, որ ինքն էլ է եղել կալանավոր, այդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել, որ հիվանդ մարդիկ դրսում՝քաղաքացիական հիվանդանոցներում բուժվեն: Նաեւ ասաց, եթե իմանար, որ հարցը նման հանրային հնչեղություն կստանա, չէր անի այդ քայլը, քանի որ հանրային կարծիքն իր համար էական է:
Ինքն էլ չի իմացել, որ Ալիկ Բանդուրյանը քրեական հեղինակություն է: Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց. «Չեմ իմացել»:
Հիշեցնենք, տեղեկատվություն էր տարածվել, թե երաշխավորագիր ներկայացնել պատգամավորներին հորդորել է Ալիկ Բանդուրյանի մտերիմ Արգամ Աբրահամյանը։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արգամ Աբրահամյանն ասաց. «Ես չեմ հորդորել պատգամավորներին, որպեսզի նորադուսցի Ալիկ Բանդուրյանին ազատելու համար երաշխավորագիր ներկայացնեն»:
Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք նաեւ իր`ԵԿՄ նախագահ դառնալու հավակնությունների մասին:
Սասուն Միքայելյանը պատասխանեց`երբեք չի ցանկացել, չի էլ ցանկանում ԵԿՄ նախագահ դառնալ. «Խնդրեն էլ, չեմ դառնա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ