Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, վստահեցրեց, որ եթե պարզվի, որ կառավարության որեւէ անդամ, բանակում չի ծառայել ապօրինի հիմքով, նա կազատվի պաշտոնից:
Բոստանջյանն ասաց, որ կառավարության ծրագրում Փաշինյանը գրել է «ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի»: Ես ուզում եմ իմանալ, այդ երջանիկ բառի տակ, դուք ի՞նչ ծանրաբեռնվածություն եք ուզում դնել, որովհետեւ իմ կյանքի ոչ քիչ տարիների ընթացքում ես հասկացել եմ՝ երջանիկ լինելու համար պիտի մի քիչ խելքից պակաս լինել: Ես առաջնորդվում եմ գիտեք ինչով, էն ֆանտաստ գրողները, որ զոմբիացնում են ժողովրդին, ասում են՝ մենք ձեզ երջանիկ կդարձնենք: Ես չէի ուզենա, որ կառավարության ծրագրում այդ բառը լիներ, կամ կարող է սխա՞լ եմ հասկացել»:
Ի պատասխան՝ վարչապետը Բոստանջյանին խնդրեց դիտել կադրերը, թե ինչ էր տեղի ունենում Երեւանում, ասենք, 2018-ի ապրիլի 23-ին. «Դիտեք այն կադրերը, թե ինչ էր տեղի ունենում Երեւանում մայիսի 2-ին ու մայիսի 8-ն եւ դուք կտեսնեք երջանիկ մարդկանց: Երբ մենք ասում ենք՝ մարդկանց երջանկություն, շատերը հասկանում են, թե պետությունը պետք է մարդու անձնական կյանքը կարգավորի, բայց երջանկությունը միայն անձնական հարթություն չի, կա նաեւ քաղաքացիական երջանկություն, երբ մարդը զգում է, որ իր ձայնն ու իր դիրքորոշումը երկրում բան է որոշում, դա ամենամեծ քաղաքացական երջանկությունն է: Ժողովուրդն այսօր դա ունի եւ պետք է ունենա անընդհատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ