Հայտնել ենք, որ հունիսի 5-ին կարկուտը, փոթորիկը մեծ վնասներ են պատճառել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան եւ Դեղձավան գյուղերի այգիներին, ցանքատարածություններին: Գյուղացիներից շատերը բանկերում վարկեր ունեն, նրանք հույս ունեին, որ ապագա բերքի վաճառքից հետո կփակեն դրանք:
Տեղեկացրել ենք, որ մայիսի 26-ին ավելի քան կես ժամ տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի պտղատու այգիների, բանջարեղենի, մյուս ցանքերի ողջ բերքը:
Տավուշի մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի տարածաշրջաններում հակակարկտային կայաններ չկան: Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում, Դեբեդի հովտի տարածքում տեղադրված «Զենիթ» տեսակի հակակարկտային կայանները ի զորու չեն այդ տարածաշրջանի պտղատու այգիները եւ ցանքերը ամբողջությամբ պաշտպանել ուժեղ կարկտից:
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը նախկինում հայտարարել է, որ Տավուշի մարզի տարածքում հակակարկտային հրթիռային կայանքներ կտեղադրվեն: Այդ գործը ուշանում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ