2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանն ամբաստանյալներին պահանջեց ոտքի կանգնել իր գալուն պես: Գաբրիելյանը հիշեցրեց՝ նախորդ նիստում նրանք խոստացել էին, որ եթե ինքը Մանվել Աթոյանին եւ Խաչատուր Գիչյանին կալանքից ազատելու միջնորդությունը բավարարի, ամբաստանյալները ոտքի կկանգնեն: Իսկ Աթոյանն ու Գիչյանը, ինչպես հայտնի է, ազատ արձակվեցին:
Ամբաստանյալները կատարեցին խոստումը եւ ոտքի կանգնեցին՝ «Սասնա ծռերի» գործով դատավարության մեկնարկից ի վեր առաջին անգամ: Հիշեցնենք, որ նրանք մշտապես ոտքի չէին կանգնում եւ այդպիսով դատավարական կարգ էին խախտում՝ դատավորի կողմից արժանանալով նիստերի դահլիճից մի քանի ժամով հեռացման սանկցիայի: Իրենց արարքը բացատրում էին այսպես. «ռեժիմի դեմ ոտքի չենք կանգնի»: Նույն պատճառաբանությամբ այսօր միայն Աշոտ Պետրոսյանը(լուսանկարում) ոտքի չկանգնեց եւ արժանացավ սանկցիայի՝ մեկ ժամով հեռացում:
Արտուշ Գաբրիելյանն էլ իրեն բնորոշ կատակասիրությամբ շարունակում է նիստ վարել: Դիմելով կալանքից ազատված Խաչատուր Գիչյանին՝ նա ասաց. «Տրամադրությունդ այս ինչ բարձր է, փոխե՞մ խափանման միջոցդ»: Հիշեցենք, որ այսօր կալանքից ազատվել է Տիգրան Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ