Վերջերս Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ալիքի հետ զուգընթաց նաև կազմակերպվել է Նորաձևության ֆորում Երևան 2018, որն առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում՝ միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում՝ բազմաթիվ միջազգային ինֆլուենսերների և տեղական անվանի հյուրերի մասնակցությամբ։ «Նոյի սերունդները» ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ովքեր քաջալերեցին հայ դիզայներներին պահպանել ստեղծարար ոգին և շարունակել իրենց ներդրումն ի նպաստ Հայաստանի նորաձևության ոլորտի զարգացմանը:
Ֆորումը ազատ էր ոլորտում ներգրավված մասնագետների համար հունիսի 2-4-ը, որը հնարավորություն տվեց ցանկացողներին մասնակցել նորաձևության միջազգային փորձագետների դասընթացներին, սեմինարներին, քննարկումներին և ձեռք բերել նոր գիտելիքներ՝ ապահովելով նորաձևության ինտեգրման նոր հարթակ։ Նորաձևության աշխարհի հայտնի ներկայացուցիչներն էին Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր), Մաքսիմ Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան), Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettos-ի հիմնադիր)։
Ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը հյուրընկալում էր 50 հայ դիզայներների, ովքեր ներկայացրեցին իրենց լավագույն աշխատանքները։ Դիզայներներից 11-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Հագուստները ներկայացրեցին նորաձևություն տարբեր երևույթների և թեմաների միջոցով՝ Էթնիկից մինչև առօրյա, երեկոյանից մինչև ճարտարապետական՝ ստեղծելով բազմազանություն։ Ֆորումի ոճային աշխատանքների համակարգումը իրականացրեցին դիզայներ Վահան Խաչատրյանը և ոճաբան Լուսինե Անանյանը:
Ի հավելումն, ֆորումը ցուցադրեց նաև ԹՈՒՄՈ-ի ուսանողների աշխատանքները՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին ցուցադրել իրենց տաղանդն ու հմտությունները:
Նորաձևության Ֆորում Երևան 2018-ը իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Ֆորումի կազմակերպիչներն են՝ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը և Ազդեցության գործարար ակումբը: Ֆորումի աջակիցներն են Արմենիա Մարիոթ հյուրանոցը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Ցուցահանդեսը բաց էր հանրության համար հունիսի 4-5-ը: Ֆորումի նկարները տեսնելու համար՝ հետևեք հղմանը:
Մամուլի հաղորդագրություն