«Մեր քաղաքականությունը չի եղել ու չի լինելու ամերիկամետ, մեր քաղաքականությունը չի եղել ու չի լինելու եվրոպամետ, մեր քաղաքականությունը չի եղել ու չի լինելու ռուսամետ»,- այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր քաղաքականությունը չի եղել ու չի լինելու նաեւ հակաամերիկյան, հակաեվրոպական, հակառուսական: Մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության պահպանումն է:
Խոսելով ԼՂ կարգավորման խնդրի մասին՝ Փաշինյանը նորից ընդգծեց, որ բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության կողմերից մեկը՝ Արցախի իշխանությունը. «Այս դիրքորոշումը շատերը մեկնաբանեցին՝ որպես նորույթ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում, բայց տվյալ մոտեցումը ոչ մի նորույթ չի պարունակում: Սա հենց այն դեպքն է, երբ ամեն նորույթ լավ մոռացված հինն է»:
Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է եղել եւ դա հաստատվել է 94-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում: Մինչեւ 1998-ը այս ձեւաչափով են եղել բանակցությունները. «1998-ց հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից, ճիշտ են արել, թե սխալ՝ ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանական շարժման կազմակերպիչներից է, հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե դրան մենք բոլորս ոնց էինք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես: Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետեւ դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում ՀՀ-ում իշխանության ձեւավորման գործընթացին, փոխարենը՝ ունի իր իշխանությունը, իր ԱԺ-ն, կառավարությունն ու նախագահը»:
Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի բերած փաստարկին՝ բանակցությունների ընթացքում՝ ասելով, որ ամեն անգամ, երբ Ղարաբաղին բանակցություններին ներգրավելու հարց են բարձրացնում, Ադրբեջանն ասում է, որ ուրեմն այդ դեպքում պետք է բանակցություններին որպես ինքնուրույն կողմ մասնակցեն նաեւ ԼՂ այսպես ասած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Մինչդեռ սա կեղծ փաստարկ է: Փաշինյանն ընդգծեց, որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որեւէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով, նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, նախագահական ընտրություններին: Ալիեւին նրանք նախագահի մանդատ են տալիս, հետեւաբար, բանակցային գործընթացում այդ մարդիկ ունեն իրենց ներկայացուցչին՝ ի դեմս Ալիեւի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ