Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տվեց այն խոստումը, որը տվել են ՀՀ նախկին իշխանությունները՝ «Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան»:
Սակայն, ի տարբերություն նախկինների, Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ տվեց դրա համար. «Համոզված եմ, որ դա անելու ենք բավականին հեշտությամբ, որովհետեւ երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ եւ կաշկանդված չէ կոռուպցիոն որեւէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարեւորագույն նախապայման է: Հիմա այս բարձր ամբիոնից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով՝ ուզում եմ հայտարարել՝ վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, պաշտոնավարումից որեւէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որեւէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու եւ նման մոտեցում եմ պահանջում նաեւ կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից»:
Փաշինյանն ասաց, որ խոշոր գործարարների հետ հանդիպմանն ինքն ասել է, որ այսուհետեւ որեւէ գործարար չպետք է կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ մտնի ու վստահեցրեց, որ եթե որեւէ բիզնեսում որեւէ մեկը ապօրինի «փայ» մտնի, դառնալու է իր անձնական թշնամին. «Որեւէ մեկը չմտածի, որ կարող է խուսափի պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հանելու ենք ամենահեռու ու ամենամութ ծակերից»:
Փաշինյանն անդրադառնալով մենաշնորհներին, ասաց, որ տնտեսական մենաշնորհային համակարգը կյանքի վերջին օրերն է ապրում Հայաստանում. «Պետք է օր առաջ գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ