«Հայաստանում չեն լինելու արտոնյալներ, օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: Որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հարցերին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջին հերթին գործի ի՛մ ընտանիքի անդամների, իմ բարեկամների ու հարազատների նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց. «Հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին եւ որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինծառայության, դիմում է գրել եւ կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում: Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների՝ բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը եւ պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր պատճառներ չունեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես ՀՀ-ում ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն իրականացրած պատանիները: Գործող եւ նախկին պաշտոնյաների որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում՝ եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքեն նոր ժամանակների նոր մոտեցումներին՝ ներկայանան զինկոմիսարիատներ եւ զորակոչվեն բանակ»:
Փաշինյանը կոչ արեց արտերկրում գտնվող տասնյակ հազար մեր հայրենակիցներին, որոնց նկատմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար հետախուզում է հայտարարված, վերադառնան Հայաստան եւ հայրենիքի անվտանգության իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն. «Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ»:
Նա ասաց. «Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»: Փաշինյանը խոստացավ, որ զինծառայությունից խուսափած երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, Հայաստան վերադառնալիս չեն ձերբակալվի եւ նրանց նկատմամբ որեւէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություն ունեցող մարդիկ հնարավորություն կստանան ծառայություն իրականացնել ԶՈՒ համապատասխան ոլորտում:
Վարչապետը խոսեց բանակի խնդիրների մասին, սպաների աշխատավարձի մասին, նա վստահեցրեց, որ ինքնասպանություններին, բանակում խախտումներին կողքից չեն հետեւելու պարզապես, ամեն դեպքի համար պատասխանատվություն է լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ