Կարեւոր եւ այս օրերին արծարծվող հարցը հանգում է ԱԺ ղեկավարության փոփոխությանը։ Դատելով տարբեր արձագանքներից ու մամուլում շրջանառվող զանազան դիտարկումներից՝ հասունանում է նաեւ այդ խնդիրը։ Ի վերջո, եթե ՀՀԿ-Ն, որքան էլ որ ԱԺ ամենախոշոր խմբակցությունն ունեցող ուժն է մնում, այլեւս մեծամասնություն չէ, ապա իշխանության մեջ խմբված «Ելք»-«Ծառուկյան»-ՀՅԴ եռյակը, կարելի է ասել, բնականաբար ձգտելու է փոխել խորհրդարանի ղեկավար կազմը։
Եվ եթե այսօր ԱԺ նախագահն ու երեք փոխնախագահներից երկուսը ՀՀԿ-ն են ներկայացնում, ապա շատ հնարավոր է, որ առաջիկայում, նախ, ԱԺ նախագահի, ապա փոխնախագահների, հետո նաեւ հնարավոր է ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների փոփոխության հարց բարձրացվի: Իսկ ՀՀԿ-ն էլ, արդեն որպես ընդդիմադիր ուժ, կստանա ԱԺ փոխնախագահի պաշտոնը։
Դժվար թե թավշահեղափոխականները նման պատեհ առիթը բաց թողնեն։ Բացի նրանից, որ օրենսդիր իշխանությունն էլ «վերցնելու» հնարավորություն է ստեղծվում, ԱԺ ղեկավար կազմի փոփոխություն նախաձեռնելով նաեւ որոշակի տրամադրություններ վերաբորբոքելու, այսպես ասած, թամաշա ապահովելու լրացուցիչ տարբերակ է։
Ի լրումն, նկատենք, որ եթե նման զարգացումներ էլ տեղի ունենան, ապա ինքնաբերաբար թուլանում է նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական շարժառիթը։ Վերջիվերջո, եթե թավշահեղափոխական կառավարությունը խորհրդարանում ստանում է նույնպիսի թավշահեղափոխական ղեկավարություն, ապա էլ ում են ասելու, թե խորհրդարանում պատկերը չի համապատասխանում հասարակության քաղաքական տրամադրություններին։
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում