Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան իր ելույթում խոսեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին. «Բնական հարց կծագի, թե ինչու արտահերթ ընտրություններ հիմա չանցկացնել: Անկեղծ ասած, արտահերթ ընտրությունները հենց հիմա անելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետեւ մեր կազմակերպած եւ առաջնորդած թավշյա հեղափոխության ոգեւորությունը գտնվում է իր գագաթնակետին եւ որեւէ կասկած չկա, որ ընտրությունները այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք շարժվենք այս մտածողությամբ, կնշանակի, որ երկրում իշխանություն փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել եւ նոր իշխանությանը ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իր իշխանությունը պահպանելու մոլուցքը»:
Վարչապետն ասաց, որ ընտրությունները ՀՀ-ում պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում եւ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել «Ընտրական օրենսգիրքը», այլեւ քաղաքական մյուս ուժերին, որոնց համար իշխանափոխությունը անակնկալ էր ու անսպասելի, կօգնի դուրս գալ ցայտնոտի վիճակից եւ որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել:
Բացի դրանից, այս ժամանակը հնարավորություն կտա ժողովրդին կատարել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով իշխող թիմի գործունեության արդյունքների վրա:
Իսկ այն, թե ինչո՞ւ առհասարակ անցկացնել արտահերթ ընտրություններ, ըստ Փաշինյանի, պատասխանը միանշանակ է՝ ինչպես հեռացել է կեղծիքներով եւ ընտրակաշառքով ձեւավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով եւ ընտրակաշառքով ձեւավորված օրենսդիր իշխանությունը:
Վարչապետն ասաց, որ այս ժամանակը կառավարությունը կօգտագործի «Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, որը կերաշխավորի թափանցիկ ընտրությունների արդյունքները: Նա ասաց, որ այդ աշխատանքների համար հանձնաժողով կստեղծվի, որում ընդգրկվելու հնարավորություն կստանան ԱԺ բոլոր խմբակցությունները, քաղհասարակությունը, նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ