Ամենամեծ վտանգն այն է, որ մեր հոգեւորականները նույնպես սկսել են օգտագործել համացանցն ու ֆեյսբուքը իրենց ներքին հարցերը պարզելու համար։
Ի՞նչ պետք է սովորեն հավատացյալները նման հոգեւոր հայրերից, ովքեր Աստծո առջեւ իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն զբաղված են հին կաթողիկոսի մերժման եւ նորի առաջադրման նախընտրական պայքարով, երբ այդ բոլոր հարցերի առաջադրումը խարխլում է հավատը հոգեւոր հաստատությունների հանդեպ։ Մի՞թե նրանք չեն կարող հավաքվել ու քննարկել առաջ եկած խնդիրները եւ գտնել լուծումներ, որոնք արտահայտում են հոգեւոր միաբանության մեծամասնության կարծիքը։ Ամենայն Հայոց կաթողիկոս հասկացությունը սրբություն է յուրաքանչյուր հայի համար, ուստի եթե եկեղեցականները խնդիրներ են տեսնում այդ անունը կրող անձի ու նրա առաքելության համապատասխանության առումով, ապա պարտավոր են հավաքվել, քննարկել ու լուծում տալ հարցերին եւ ոչ թե ֆեյսբուքով վիրավորական հայտարարություններ տարածել կաթողիկոսի կամ մեկը մյուսի հասցեին։
Դրանցից մեկի՝ ոմն Խորեն վարդապետի վարած ցոփ կյանքի մասին էլ Էջմիածնից տարածվող պատասխան տեղեկատվությունը նույնքան տխուր ազդեցություն է թողնում հավատացյալների վրա, որոնց փողերով են իրականացվել սույն վարդապետի դեբոշները Հնդկաստանում։
Այս ամենը ոչ մի տեղ չի տանում դարավոր ավանդույթներ ունեցող մեր եկեղեցուն՝ վերջին իշխանափոխության մեջ լուրջ դերակատարություն ունեցած աղանդավորների ակտիվացման պայմաններում։ Եկեղեցին իր մեջ ուժ պետք է գտնի ներքին լուծում տալու այն բոլոր պրոբլեմներին, որոնք նրան հեռացնում են իր բուն գործառույթներից, եւ նվազեցնի մեր ժողովրդի համար առանց այդ էլ լարված վիճակում կուտակվող լրացուցիչ բացասական լիցքերը։ Ի վերջո հոգևորականներն իրենք պետք է մեզ քարոզեն «Սիրեցեք միմյանցը» եւ ոչ թե ատելություն ներարկեն մեկը մյուսի հանդեպ։
Հայ եկեղեցին քաղաքական ակումբ չէ, ոչ էլ քաղաքական կուսակցություն, ունի դարերով մշակված աշխատակարգեր, որոնց միջոցով միշտ էլ հաղթահարել է իրեն համակած ներքին ճգնաժամերը, ուստի հայ ժողովուրդը իմաստություն ու խոհեմություն է սպասում մեր հոգեւոր հայրերից:
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում