Հիմա հետհեղափոխական խառնակ ժամանակներ են։ Օբյեկտիվ գործոնները, մեղմ ասած, մոդայիկ չեն՝ հասարակայնորեն կարող են չընկալվել։ Շատ ավելի հեշտ է խանութների ցանցին առժամանակ ստիպել վերադառնալ նախկին գներին։ Ոչինչ, որ հետո գնաճի անակնկալ ցատկն ավելի բարձր է լինելու։ Բայց անգամ պետական պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ անցած տարի նկատելիորեն կրճատվել է անասնագլխաքանակը երկրում։ Խոսքը, բնականաբար, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի մասին է։ 2017թ. ընթացքում կովերի գլխաքանակը պակասել է 10 տոկոսով։ Խոզերինը՝ մոտ 5 տոկոսով։ Ոչխարներինը՝ մոտ 9։ Այծերինը՝ մոտ 20։
Այսինքն՝ արձանագրվել է գյուղկենդանիների քանակի էական նվազում։ Փաստ, որը չի կարող չանդրադառնալ մսամթերքի գնագոյացման համակարգի վրա։ Բայց այսօր շատ ավելի հեշտ է վարչահրամայական մեթոդներով մի քանի շաբաթով կանխել գնաճը, քան փորձել հասկանալ գնաճի պատճառներն ու գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությամբ փորձել կարգավորել այս խնդիրը։ Հատկապես, որ 2017թ. գյուղկենդանիների գլխաքանակի նվազմանը զուգընթաց, աճել են այդ կենդանիների, մսի, ու մսամթերքի արտահանման ծավալները։ Ոլորտում այնքան լուրջ իրավիճակ էր ձևավորվել, որ երեք ամիս առաջ կառավարությունը հատուկ նիստ գումարեց խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար։
Դա դեռ նախկին կառավարությունն էր, որ քննեց-քննեց ու հայտարարեց, որ լուծում գտել է։ Լուծումին նույնիսկ հատուկ անուն տրվեց՝ ոլորտի «զարգացման ծրագիր»։ Բայց դա հիմա ո՞վ է հիշում։
Կարևորն այն է, որ ՏՄՊՊՀ-ն նշում է, որ հինգ խոշոր, կամ, որ ավելի ճիշտ է, «առաջատար սուպերմարկետներին պատկանող առևտրային օբյեկտների ընդհանուր քանակը 82 է»։ Պատկերացնո՞ւմ եք ընդամենը 82 ցանցային խանութ՝ ազատ գործող 17 հազար 223 խանութի դիմաց։ Այդ մասին մեկ-երկու ամիս առաջ հարգարժան ՏՄՊՊՀ-ում հավանաբար չգիտեին։ Այլապես մոնոպոլիզացված տնտեսության դեմ խոսողներին ի ցույց կդնեին որպես հակափաստարկ։. Իսկ հիմա իրադրություն է փոխվել, ու հարկավոր է ապացուցել, որ տնտեսական կյանքում ու հատկապես մանրածախ առևտրի ոլորտում մոնոպոլիաներ չկան։ Փոխարենը՝ կա ազատ, արդար, ազնիվ մրցակցություն։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում