Անկախության տարիներին Հայաստանի կրթական համակարգը մշտապես գտնվել է փոփոխությունների գործընթացում։ Այդ ընթացքում պարբերաբար բարձր սպասումներ են ձևավորվել կրթության հանդեպ։ Բայց մեր օրերում իրատեսական չէ կրթությունից արագ ու շոշափելի արդյունքներ ակնկալելը, քանի որ ամբողջ աշխարհում կրթության ոլորտում անորոշ իրավիճակ է, առկա են բարդ խնդիրներ, և պարզ չէ, թե երբ կգտնվեն արդյունավետ լուծումներ։
Իրականում մեր սպասելիքները կրթության ոլորտից ավելի իրատեսական պետք է լինեն։ Ես ուզում եմ, որ Հայաստանի կրթության ոլորտն ունենա զարգացման ճիշտ ուղղություն։ Ինչ-որ մի սերունդ պետք է իր վրա վերցնի դեպի հաջողություն տանող ճանապարհի մեկնարկային դժվարությունները։ Բացատրեմ տրանսպորտի օրինակով։ Եթե ձեր մեքենան ճիշտ ուղղությամբ է գնում, դուք հանգիստ եք, քանի որ գիտեք, որ, ի վերջո, հասնելու եք ձեր նպատակակետին։ Բայց եթե սխալ ուղղությամբ եք գնում, ապա չեք կարող հանգիստ լինել։ Թող ընթացքը լինի դանդաղ, բայց կարևորը վստահ լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք քայլեր անում։ Մենք միշտ կարևորել ենք բարեփոխումների արագությունը։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվել են կարճ ժամկետներում, ինչը հաճախ իրականացվել է որակի հաշվին։ Այս պահին շատ կարևոր է տարբեր քննարկումների միջոցով դուրս բերել Հայաստանի կրթության այն վեկտորը, որն ընդունելի կլինի մասնագետների և հանրության համար։
Մյուս կարևոր ակնկալիքն այն է, որ կրթության խնդիրները դիտարկվեն համակարգային պրիզմայով։ Հաճախ մենք տեսնում ենք կրթության մի ասպեկտը կամ կրթության գործընթացի մասնակիցների մի մասի խնդիրները։ Կրթության հանդեպ համակարգային մոտեցման բացակայության մասին է խոսում նաև այն, որ հաճախ տեսնում ենք միայն մեր քայլերը, բայց չենք տեսնում այդ քայլի հնարավոր հետևանքներն ու հակազդեցությունները։ Շատ կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում ոչ թե իրարից անջատ քայլեր ու ծրագրեր իրականացվեն, այլ լինեն փոխկապակցված ծրագրեր։
Պակաս կարևոր չէ նաև կրթության ոլորտի որոշումների որակը։ Հայաստանի կրթության ոլորտում գործում է կառավարման բրգաձև համակարգ։ Բոլոր կարևոր որոշումները, որպես կանոն, կայացվում են նախարարի կողմից, ինչն ազդում է որոշումների որակի վրա։ Մեկ մարդը չի կարող մեկ օրում մի շարք առանցքային որոշումներ կայացնել։ Չկա վստահության մթնոլորտ, ինչը հնարավորության կտա որոշումների մի մասը պատվիրակելու այլ մարդկանց։ Բոլոր ժամանակներում նախարարների թիվ մեկ խնդիրը եղել է մտածելու ժամանակի պակասը։ Հայաստանում դժվար է պատկերացնել մի նախարար, ով օրվա մեջ կարողանում է 1-2 ժամ միայնակ նստել իր աշխատասենյակում և մտածել։ Չունենք նման մշակույթ։ Մեր նախարարները մշտապես հանդիպումների, այցերի, քննարկումների մեջ են։ Իսկ մտածելու ժամանակի պակասն էապես ազդում է որոշումների որակի վրա։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում