Այսօր խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը:
Մինչ ծրագրի քննարկումը` ՀՅԴ նոր պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ստացավ պատգամավորական մանդատը եւ երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Սահմանադրությունը, օրենքները:
Հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը: Նա ելույթի սկզբում հիշեցրեց, թավշյա հեղափոխության մասին, ասաց, որ աշխարհում Հայաստանն ընկալվում է որպես սիրո եւ համերաշխության, թավշյա հեղափոխություն իրականացրած երկիր եւ պետք է այդ իմիջը զարգացնեն եւ դարձնեն Հայաստանը հետհեղափոխության աննախադեպ հաջողությունների երկիր. «Կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետեւյալ հայեցակարգային հիմնախնդիրները: Իշխանության ձեւավորումը՝ բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու քաղաքացիական համերաշխությունը: ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը: Քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու մարդու՝ ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմաների ստեղծումը, արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական, սոցիալական մակարդակի շարունակական բարձրացումը, բռնությունից զերծ հանրային միջավայրը, շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: Մենք համոզված ենք, որ հենց այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է՝ Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար: Համոզված ենք, որ ավելի քան 20 տարի ՀՀ զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել հենց վերը նշված բովանդակային տարածքում»:
Փաշինյանն ասաց, որ սա է մեր երկրի հիվանդությունների ախտորոշումը, բուժման դեղատոմսը:
Վարչապետի խոսքով՝ մեր երկրի չարիքների չարիքն այն է, որ ընտրությունների ընթացքում ժողովրդի քվեի հետեւողական եւ շարունակական խեղում է եղել:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կապացուցի, որ հենց ընտրությունների արդյունքները կեղծելու պատճառով է, որ մեր երկրում բոլոր ոլորտներում խնդիրներ են եղել: Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի խախտումների համար հնարավոր էր Քրեական օրենսգրքով պատասխանատվություն կրեին խախտողները, բայց հասկանալի պատճառներով նախկին իշխանությունները չեն արել դա: Իրավապահ մարմինները պատշաճ չեն քննել, կոծկել են հանցագործությունները, դարձել են հակաիրավական մարմիններ, դատախազներն ու դատարանները աչք են փակել ապօրինի հետաքննությունների, նախաքննությունների կեղծումների եւ կոծկումների վրա, դարձել են ձեւախեղման հենարանը: Իսկ իշխանությունները, որ դարձել են կեղծարարության հսկայական մեքենայի պտուղների հիմնական վայելողը, ստանձնել են արատավոր այս համակարգի տանիքի ու հովանավորի դերը: Այլասերման այս գործընթացն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանում ձեւավորվել է պետություն՝ պետությունից դուրս: Ձեւավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը եւ նրանց հովանավոր պետական իշխանությունը, որոնք դուրս են եղել օրենքից: Իրենք ապրել են չգրված օրենքներով:
Փաշինյանը խոսեց իշխանական բուրգի մասին, թե ինչպես են աշխատել. «Իշխանությունները ստիպված են եղել իրենց ապահովագրելու համար լռության եւ համաձայնության գին վճարել, ամբողջ հանրությանը կամ նրա մեծագույն մասին՝ փորձ անելով կոռուպցիան դարձնել հանրային հարաբերությունների կարգավորման առանցքային գործիք: Այս պայմաններում են ձեւավորվել տնտեսական մենաշնորհները»:
Վարչապետը վստահեցրեց, որ նախկին իշխանություններին ձեռնտու չի եղել տնտեսական աճ ապահովել, մարդկանց հարստացնել, իրենք փորձել են փողի վերահսկողությունը պահել, ինչքան մարդը բարեկեցիկ կյանքով ապրի, այնքան իր քվեն չի ծախի, կամ բարձր գին կուզի. «Ավելի բարեկեցիկ կյանքը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա, իսկ նման իրավիճակում փողերը կարող է չհերիքեն: Ինչքան ցածր է մարդու կրթական սոցիալական մակարդակը այնքան հնազանդ է նա»:
Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենց կառավարությունը տարբերվելու է նախկինում այս մտածողությամբ գործող թիմերից, այս արատավոր մտածելակերպը պետք է Հայաստանից արմատախիլ անեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ